ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Նախկին կադաստրային արժեքով ինքնակամ կառույցների օրինականացման համար կարող եք դիմել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը

20.01.2021

Հարգելի՛ հայրենակիցներ,


տեղեկացնում ենք, որ այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։


Նախագծերի փաթեթի ընդունումը կընձեռի հետևյալ հնարավորությունները.


Եթե սեփականության իրավունքով ունեք օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամաս, որի օտարման դեպքում առկա է կադաստրային արժեքի վճարման պայման, ապա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան համայնքային բյուջե կարող եք վճարել նախկին կադաստրային արժեքներով հաշվարկված գումար և հետագայում ազատվել օտարման պահին գործող ավելի բարձր կադաստրային արժեք վճարելուց։


Եթե ինքնակամ կառույցի օրինականացման համար համայնքի ղեկավարին կդիմեք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը կընդունի բարենպաստ վարչական ակտ, ապա ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերը ձեզ կօտարվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով (նախկին գործակիցներով և կադաստրային արժեքներով)։


Եթե պետական կամ համայնքային հողամասերի ուղղակի վաճառքի համար դիմել եք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, կամ համայնքի ղեկավարի կամ Կառավարության որոշումը ընդունվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա այդ հողամասերը կօտարվեն ձեզ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով։


Եթե հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու նպատակով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը դիմել եք համայնքի ղեկավարին և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ, և եթե փոփոխման արդյունքում առաջանում է հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջ, ապա հողամասի կադաստրային արժեքների տարբերության հաշվարկը կկատարվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով:

 

Երևանում դիմումները կարող եք ներկայացնել ինչպես Երևանի վարչական շրջանների ղեկավարի աշխատակազմեր (թաղապետարաններ), այնպես էլ՝ «Մեկ պատուհան» գրասենյակներ (Արգիշտիի 1, Բուզանդի 1/3)։

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x