«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2016-ի ապրիլին զոհված զիծառայողների ծնողներին բուժօգնության անժամկետ հավաստագրեր է տրամադրում

16.03.2018

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում է 2016 թվականի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինառայողների ծնողներին սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրերի տրամադրման գործընթացը: Ծրագրի 2 փուլերի շրջանակում հավաստագրեր են տրամադրվել և սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 40 զոհված զինծառայողների ծնողներ:

Բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ հավաստագրեր են հանձնվել ՀՀ 6 մարզերից 19 զոհվածների ծնողներին: Հանձնելով հավաստագրերը՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել և հնարավորին աջակցել զոհվածների ծնողներին:
«Հետազոտություններից հետո, ըստ անհրաժեշտության, ծնողներին տրամադրվում է համապատասխան բուժօգնություն, արդեն իսկ կատարվել են նաև վիրահատական միջամտություններ: Մեր նախաձեռնությունը լինելու է շարունակական: Ընդհանուր առմամբ հավաստագիր կստանան զոհված 119 զինծառայողների ծնողներ»,-նշել է բժշկական կենտրոնի տնօրենը:
Ներկա ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ուշադրության, վերաբերմունքի, ինչպես նաև ցուցաբերած նախաձեռնության համար:
Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին