ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Օրինական շինարարություն անելը խնդիր չէ». Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

09.11.2018

Շուրջ 130000 բնակչություն ունեցող Նոր Նորքում խնդիրները տարբեր են, վարչական շրջանի նոր ղեկավարի մոտեցումները՝ հստակ: Ի՞նչ սպասելիքներ կարող են ունենալ բնակիչները և ինչ ուղղություններով են արդեն իսկ աշխատանքներ տարվում. ներկայացնում է Հայկ Մհրյանը:

«Աշխատանքս հաճույքով եմ անում, որովհետև մղումս նոր Երևանի, նոր Հայաստանի համար ինչ-որ մի ձևով օգտակար լինելն է, իմ լուման ներդնելն է, որպեսզի մեր Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները զգան, որ քաղաքի ղեկավարությունը, ՀՀ ղեկավարությունը մտահոգ են իրենց խնդիրներով և հնարավորության սահմաններում անում են ամեն բան, որ ամեն ինչ ավելի լավ լինի»,- նշել է Հայկ Մհրյանը:
Ապօրինի շինարարության և հողազավթման խնդիրներն օրակարգում են: Պահանջը բոլոր վարչական շրջանների առջև քաղաքապետի կողմից հստակ է դրված: Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցվել է մայրաքաղաքի հերթական ապօրինի շինարարությունը:
«Հասարակական շինություն է մեծ ծավալի, ոչ մի փաստաթուղթ չունեն: Վարչական շրջանի աշխատակիցները և Նոր Նորքի ոստիկանության բաժնի աշխատակիցները հրատապ եկել են դեպքի վայր, կասեցրել շինարարական աշխատանքները: Շինությունները բոլորը պետք է լինեն համապատասխան թույլտվությամբ, ունենան իրենց ճարտարապետական տեսքը և կանոնները, իսկ այդ թույլտվությունը բացարձակ խնդիր չէ, ցանկացած քաղաքացի կարող է դիմել քաղաքապետարան և ստանալ այդ թույլտվությունը, եթե նախագիճը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին»,- նշել է վարչական շրջանի ղեկավարը:
Բնակչության հետ կապը լինելու է մշտական, բարձրացվող հարցերին վարչական շրջանի ղեկավարը ծանոթանալու է տեղերում: Թվարկելով խնդիրները՝ Հայկ Մհրյանը խոստանում է, որ դրանք հետզհետե լուծումներ են ստանալու:
«Մեծ ուշադրություն ենք ցանկանում դարձնել այնպիսի խնդիրներին, որոնք առաջնահերթ հուզում են մեր բնակչությանը, մասնավորապես՝ աղբահանության կազմակերպում, մանկապարտեզների նորոգում, այգիների նորոգում, որոնք դեռ բարեկարգված չեն, բազմաբնակարան շենքերի պահպանություն: Աշխատանքները շատ են, հիմա ղեկավարության հսկողությամբ ծրագրեր ենք մշակում, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ ժամանակահատվածում, ինչ միջոցներով կկարողանանք հնարավորության սահմաններում մեր բնակչության խնդիրները հոգալ»,-նշել է Հայկ Մհրյանը:
Նոր Նորքում առկա խնդիրները բարձրաձայնելու հարցում վարչական շրջանի ղեկավարը կարևորում է նաև գործող +(374 11) 518 688 թեժ գիծը և բնակիչներին հորդորում՝ ուղիղ կապ հաստատել վարչական շրջանի աշխատակազմի հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player