Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

01.05.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Երևանցիների սիրած հանգստի գոտին հերթական տարեշրջանը դիմավորում է նոր կենդանատեսակներով ու բարեկարգված: Տոնական օրվա շրջանակում այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Երեխաներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր ամենուր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այգու տնօրենի ուղեկցությամբ, շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը մանրակերտի վրա քաղաքապետին է ներկայացրել կենդանաբանական այգու հեռանկարային զարգացման ծրագիրը, ինչպես նաև զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում:
Զրուցելով լրագրողների հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին Աշխատավորների օրվա և կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ և ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական. «Կարծում եմ, կենդանաբանական այգու արդեն մուտքից բոլորիդ համար նկատելի է, որ բավականին աշխատանքներ են տարվել: Եվ, իրոք, արդեն իրականացված աշխատանքների ծավալը բավականին տպավորիչ է: Այգու վերակառուցման ծրագիրը մենք բաժանել ենք փուլերի: Այս տարի Երևանի բյուջեում նախատեսել ենք 300 մլն դրամ, որն ուղղվելու է նոր ազատավանդակների կառուցմանը, եղածների վերակառուցմանն ու նորոգմանը, այգու տարածքի կանաչապատմանը, անտառային գոտու ավելացմանը, ոռոգման համակարգի ընդլայնմանն ու մի շարք այլ բարեկարգման աշխատանքներին: Բացի այդ, հրավիրել ենք կենդանաբանական այգիների միջազգային մասնագետների և նախագծողների, ովքեր կառաջարկեն այն չափորոշիչների կիրառումը, որոնք ընդունված են միջազգային համբավ ունեցող կենդանաբանական այգիներում: Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերով` 2015-2016թթ-ին, մենք ավելի շատ միջոցներ կտրամադրենք կենդանաբանական այգուն: Մեր ցանկությունն ու նպատակն այն է, որ կենդանիների համար ստեղծենք բնականին առավել մոտ պայմաններ, ինչը, համոզված եմ, նաև այցելուների համար ավելի հետաքրքիր կդարձնի այգի այցելությունը: Իհարկե, ծրագրում ենք նաև նոր կենդանատեսակներով համալրել այգին»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը զրուցել է նաև այցելուների հետ, լսել նրանց կարծիքները: Օգտվելով առիթից` բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին` այգում և, առհասարակ, ամբողջ մայրաքաղաքում նկատվող զգալի փոփոխությունների համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Տեսնել ավելին