Սահմանվել են տրանսպորտից օգտվելու նոր կանոններ

15.05.2020

Պարետատունը հրապարակել է մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավել էական կետերը:

 

Վերգետնյա հասարակական տրանսպորտ

 

Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղեւորների փոխադրումը` բացառությամբ 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:
Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թիվը, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:
9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։
Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման՝ օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր՝ նախաուղերթային հատվածում:
Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում). ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):
Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունը՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:
Յուրաքանչյուր երթուղու ավարտին՝ երկար տրանսպորտային միջոց նստելուց հետո ուղևորները պարտադիր կերպով ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։
Յուրաքանչյուր երթուղու ավարտին՝ երկար տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

 

Տաքսի

 

Արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր կերպով ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

 

Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն

 

Ավտոտրանսպորտային միջոցների սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր կերպով ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
Ավտոտրանսպորտային միջոցների սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:
Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:
Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը:
Մետրոպոլիտենի պարագայում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն թիվը չի կարող գերազանցել 70-ը:
Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:
Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված թերմինալների ախտահանում ախտահանիչ լուծույթներով:
Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների՝ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով եզրափակիչ ախտահանում:

Լուսանկարներ