Սոցիալական պաշտպանության խորհրդի նիստ՝ հեռավար եղանակով

23.07.2020

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել սոցիալական պաշտպանության խորհրդի հեռավար նիստը, որին մասնակցել է սոցիալական պաշտպանության խորհրդի 19 անդամ, Երևան քաղաքի ավագանու 1 ներկայացուցիչ և 1 անկախ փորձագետ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նախ ներկայացրել է Երևանի ավագանու 24.06.2020 թվականի նիստում հաստատված որոշմամբ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները: Ըստ այդմ, սոցիալական ապահովության վարչությունը և ընտանիքի, կանանց և երեխաների բաժինը լուծարվում են, ստեղծվում է երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն: Նախատեսվում է վարչությունում բացել սոցիալական աշխատողի, հոգեբանի, իրավաբանի հաստիքներ, որոնց հիմքում լինելու է սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին մասնագիտական լուծումներ գտնելը: Կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում նաև վարչական շրջանների համապատասխան բաժիններում, որտեղ կներդրվեն սոցիալական աշխատողների և հոգեբանի հաստիքներ: Հատկանշվել է, որ իրականացվող փոփոխությունների նպատակը ոլորտի մասնագետների համագործակցության՝ առկա սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման և հասցեական սոցիալական ծրագրեր իրականացնելու միասնական հարթակ ստեղծելն է:
Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը ներկայացրել է համակարգային փոփոխությունների մանրամասները, համաձայն որոնց աշխատանքները սկսվել են Երևան համայնքի սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանուր ուսումնասիրությամբ:
Ձևավորված փորձագիտական խումբը USAID, UNICEF, Վորլդ վիժն կազմակերպությունների աջակցությամբ ուսումնասիրել է սոցիալական պաշտպանությանն առնչվող մարդկային ռեսուրսների կառավարման, սոցիալական աշխատանքի և օրենսդրական ոլորտները:
Նախատեսվում է անցկացնել սոցիալական աշխատողների վերապատրաստում՝ նոր գիտելիքների ձեռքբերման, կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով: Բացի այդ, ներդրվելու է սուպերվիզիայի ինստիտուտը, որը իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության մասնագետի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է պատվիրակվել համապատասխան գործունեություն ծավալող կառույցներին: Նիստի ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկներ. մասնավորապես սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների, ներկայացվող ծառայությունների մատուցման չափորոշիչների և դրանց տեղայնացման վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են անհատական և տեղական սոցիալական ծրագրեր:
Երևանի ավագանու նույն նիստում հաստատվել են նաև սեփական լիազորությունների շրջանակում կամավոր խնդիրեները լուծելու կարգը և չափորոշիչները:
Նիստի ավարտին որոշվել է հետագա աշխատանքների ձևաչափը, համաձայն որոնց պետք է ձևավորվեն աշխատանքի հարաճուն և ճկուն ընթացքն ապահովող փոքր խմբեր:
Ամփոփելով նիստը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը փաստել է, որ մայրաքաղաքի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները ճիշտ ուղու վրա են:

Լուսանկարներ