«Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը

22.06.2019

Ավելի քան մեկ տարի է, ինչ «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները տարբեր քաղաքներում մաքրման աշխատանքներ են իրականացնում: Այդ ցանկում կամավորները ներառել են նաև Երևանը. մաքրել ու բարեկարգել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը՝ ներառյալ Վարդան Մամիկոնյանի արձանի տարածքը: Մինչ այդ` հունիսի 1-ին պատշաճ տեսքի էր բերվել Մանկական երկաթուղու հարակից հատվածը: Ջոկատի նպատակը ոչ միայն աղբի թափոններ հավաքելն ու տեղանքի պատշաճ տեսքը վերականգնելն է, այլև սեփական օրինակով համայնքին օգտակար լինելու, այդ կերպ նաև քաղաքային իշխանություններին աջակցելու ավանդույթ ձևավորելն է: 

Ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանը կամավորներին տրամադրում է տարբեր պարագաներ՝ ձեռնոցներ, տոպրակներ: Հատկանշական է, որ աղբը տեսակավորվում ու հանձնվում է համապատասխան ընկերություններին, իսկ անպիտան թափոնները տեղափոխումը աղբավայրեր կազմակերպում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունները: «Սպիտակ ջոկատ»-ի անդամները տեղային շաբաթօրյակների նախաձեռնությունը կիրականացնեն ամիսը 2 անգամ՝ զուգահեռաբար մաքրելով նաև արգելված վայրերում փակցված գովազդային թերթիկ-գրառումները:

Լուսանկարներ

Տեսնել ավելին