ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը

11.02.2019

Թափառող շները Երևանի բնակիչների համար իսկապես խնդիր են դարձել:
Դպրոց, մանկապարտեզ գնացող երեխաներն ու աշխատանքի շտապող ծնողներն ամեն օր ստիպված են կտրել անցնել անտուն շների օղակը:
Երևանի քաղաքապետարանը խնդրի մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կան մշտական հասցեներ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:
«Մշակեցինք ծրագիր և հասկացանք, որ այն պետք է իրականացվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպության միջոցով, որպեսզի չունենանք ռիսկեր և ապահովվի ծրագրի շարունակականությունը:Բացի այդ, չհետապնդի բիզնես նպատակ»,- նշում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին:
«Ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունն իրացնելով՝ պետք է նշեմ, որ մուտքագրված է 6000 էգ շուն, որից 4500-ն առաջին տարում կստերջացվի», - նշում է Խաչիկ Հակոբյանը:
Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:
«Մինչև մեր ենթակառուցվածքների ձևավորումը՝ նախատեսում ենք, որ աշխատանքները կիրականացնենք այլ կլինիկաների հետ համագործակցությամբ: Ծրագիրը շարունակական է, և 4-5 տարում, եթե ծրագիրը նաև հարևան համայնքներում նմանատիպ լուծում ստանա, ակնկալվում է դրանց քանակը հասցնել նվազագույնի կամ միգուցե կարողանանք ունենալ թափառող շների մայրաքաղաք»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:
Օվսաննա Հովսեփյանն արդեն երկար տարիներ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ: Այժմ, Երևանի ավագանու կազմում իր աշխատանքը շարունակելով, նա կարծում է, որ քաղաքապետարանի ծրագիրը կարևոր է թե՛ կենդանիների, թե՛ քաղաքացիների համար.
«Այսքան տարիների մեր պայքարից հետո ես առաջին անգամ թունելի վերջում լույս եմ տեսնում: Այսօր քաղաքային իշխանությունը ճիշտ ուղղության վրա է: Սպանդով խնդիրը երբեք չէր լուծվելու: Իրականում ստերջացումն այն միակ միջոցն է, որի շնորհիվ կարող ենք հասնել այն բանին, որ փողոցներում թափառող կենդանիներ չլինեն: Ստերջացված շունը չի ունենում ձագեր, չի կազմում ոհմակ, ինչն այսօր այնքան անհանգստացնում է մեր քաղաքացիներին» ,- նշում է «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player