Տոնածիսական համերգային ծրագիր՝ Ազատության հրապարակում. «Սուրբ ծնունդը՝ Երևանում»

06.01.2018

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» ծրագրով հունվարի 6-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կայացել է Սուրբ ծննդյան տոնածիսական համերգային ծրագիր`«Սուրբ ծնունդը՝ Երևանում» խորագրով: Ձևավորված ավանդույթի համաձայն, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ անցկացվող այս միջոցառումը մեկնարկել է տոնի խորհուրդը ներկայացնող հատուկ արարողակարգով: Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հայրերի և երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցած արարողությանը հաջորդել է բուն տոնածիսական համերգային ծրագիրը: 

Հանդիսությանը ելույթ են ունեցել ազգագրական, ժողովրդական երգի ու պարի սիրված համույթներ ու կատարողներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների սաներ:
Միջոցառմանը ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը նշել են, որ, ի թիվս Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական բազմաթիվ այլ միջոցառումների, մեծ բավականություն են ստացել նաև այս երեկոյից և իրենց գոհունակ խոսքը հղել համերգի կազմակերպիչներին: Ոմանք էլ նկատել են, որ ամեն տարի անցկացվող այս տոնը հատկապես երեխաների համար հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալու հրաշալի առիթ է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին