«Վե՛րջ ապօրինի շինարարությանն ու հողազավթմանը». գլխավոր ճարտարապետը շփվել է լրագրողների հետ

06.11.2018

Երևանում ոչ մի հուշարձան-շենք չի քանդվելու. քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետն եմ, Երևան քաղաքում ոչ մի հուշարձան-շենք չի քանդվելու: Այն կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, ուր տեղակայված կլինի հուշարձան, նրանք կպարտավորվեն ֆինանսավորել տվյալ շինությունների վերակառուցումը: Սա այն է, ինչ չի եղել, սակայն այսուհետ միանշանակ լինելու է»,- ընդգծել է Արթուր Մեսչյանը: 

«Արդեն քանդված որոշ հուշարձան-շենքերը վերականգնել հնարավոր չէ, որովհետև դրանք ոչ թե ապամոնտաժվել, այլ քանդվել են»,- ասել է ճարտարապետը: Նրա կարծիքով, ամբողջությամբ վերականգնել հնարավոր կլինի միայն Աֆրիկյանների տունը, իսկ մյուսների բնօրինակ քարերի միայն 30%-ն է օգտագործելի:
Այս պահին կատարված հողհատկացումների հարցում կարվի ամեն ինչ, որ ոչ բնակիչները տուժեն, ոչ էլ քաղաքը, կառուցապատողն էլ՝ վնասներ չկրի:
«Կան բազմաթիվ ծրագրեր, փորված հիմքեր, հողային աշխատանքներ, որոնք ես կասեցրել եմ մինչև գտնվեն տրամաբանական լուծումներ: Ցանկացած կառուցապատող քաղաքին ու բնակիչներին պետք է ցույց տա որոշակի վերաբերմունք: Օրինակ, Ստանիսլավսկու անվան թատրոնի հարակից տարածքում այսօր մեծածավալ շինարարություն է, և ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը, համաձայն որի, պետք է իրենց միջոցներով բարեկարգվի նաև թատրոնի ճակատային մասը»,- շեշտել է գլխավոր ճարտարապետը:


Ապօրինի շինությունների օրինականացում չի լինելու


Անդրադառնալով ապօրինի շինարարության և հողազավթման խնդիրներին՝ գլխավոր ճարտարապետը նշել է, որ այսուհետ բացառվելու են անօրինական շինարարության հետագա օրինականացման դեպքերը:
«Ապօրինի շինարարությանը՝ վե՛րջ, հողազավթմանը՝ վե՛րջ: Այլևս չի լինելու օրինականացում: Մի՛ ստեղծեք ձեզ համար խնդիրներ: Դրա փոխարեն խոստանում եմ, որ լինելու ենք ձեր գործընկերն ու սատարողը, եթե ամեն ինչ կատարվում է օրինական ճանապարհով: Ընդ որում, մենք բոլոր հնարավոր միջոցներով կփորձենք հնարավորինս հեշտացնել ձեր կյանքը»,- նշել է գլխավոր ճարտարապետ Մեսչյանը: Նա Երևանի արտաքին տեսքի աղճատման մասով առանձնացրել է նաև ձեղնահարկերի ապօրինի կառուցման խնդիրը:
«Երբ ապօրինի շինարարություն կատարողը կամ հողազավթողը գիտի, որ հետագայում կարող է օրինականացնել այդ ամենը, դա բերում է նրան, որ կատարվում է այն, ինչ դուք տեսնում եք ամեն օր: Դա խաթարված մեր բնակելի ֆոնդի ճակատային հատվածներն ու մանսարդներն են, որոնք ամբողջովին ավերեցին բնակելի ֆոնդերի տեսքը: Խոսքը անտրամաբանական շինարարության մասին է, որոնք առնվազն տարօրինակ է, թե ինչպես են թույլտվություն ստացել: Ամենասարսափելին այն է, որ չկա մեղավորը, քանի որ նույն գործով զբաղված են եղել շատերը: Այ հիմա ասում եմ՝ այսօրվանից ես եմ մեղավոր: Այն գործիքակազմը, որ ես ունեմ, պետք է թույլ տա, որ այդ ամենին վերջ տրվի»,- նշել է Արթուր Մեսչյանը:
Ներկայացնելով ճարտարապետության հետագա քաղաքականության հարցում իր մոտեցումները՝ նա ընդգծել է, որ ճարատարապետությունը այն միջավայրն է, որում հնարավորություն է տրված ապրել մեր կյանքը: Բացի այդ, սա այն ճշգրիտ գիտություններից մեկն է, որը պահանջում է ճշգրիտ մոտեցումներ:
«Հատկապես վերջին շրջանում տրվել են այնպիսի շինթույլտվություններ, որոնք ուղղակի ապշեցուցիչ են, և խնդիրն այն է, որ ես այսօր իրավասություն չունեմ արդեն հաստատված նախագծերն ու շինարարության համար կազմակերպված հողատարածքները օրենսդրական դաշտով հետ բերելու՝ դատական գործընթացներ, փոխհատուցման պահանջներ և այլն: Ես մեկ առ մեկ հիմա հանդիպում եմ ճարտարապետների և կառուցապատողների հետ և փորձում եմ բերել ինչ-որ տրամաբանական սահմանի: Համենայն դեպս մի քանի խնդրահարույց շինությունների մասով ես կարողացա գալ ինչ-որ մի լուծման»,- ասել է Երևանի գլխավոր ճարտարապետը:


Ունենք հրաշալի քաղաք


Կուտակված խնդիրներով հանդերձ, Արթուր Մեսչյանը կոչ է արել Երևանի մասին չխոսել ողբերգական տարրերով և ամեն ինչը կորցրածի հոգեբանությամբ:
«Ունենք հրաշալի քաղաք, բայց կան խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն, թաղամաս առ թաղամաս պետք է մաքրել և տարածքները բերել պատշաճ վիճակի»,-նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

 

Սրճարանատերերը պետք է մնան իրենց սահմանների մեջ


Դիմելով սրճարանների սեփականատերերին՝ Արթուր Մեսչյանը հորդորել է մինչև գարուն կամովին վերադարձնել բոլոր այն կանաչ տարածքները, որոնք ապօրինի զբաղեցվել են, իսկ գործունեությունը շարունակել միայն սեփականության կամ վարձակալության իրավունքով տրված տարածքներում: Հստակ մոտեցում կլինի նաև տարիներ շարունակ անավարտ մնացած շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ:
Ամփոփելով մամուլի ասուլիսը՝ Երևանի գլխավոր ճարտարապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ այս ոլորտում չլուծվող հարցեր չկան:
«Փառք Աստծո, այս ծրագրին համամիտ են և՛ Երևանի քաղաքապետը, և՛ ՀՀ վարչապետը, այսինքն բոլորս հիմա մտածում ենք մի թեմայի մասին, ոչինչ իրարամերժ չէ, բոլորս իրար օգնական ենք, և ես կարծում եմ, որ դա է հաջողության հասնելու գրավականը», - ասել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին