Վերջին 2 տարում Երևանի բյուջեից Ամանորի միջոցառումների ծախսերը կրճատվել են

11.12.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը, ժամանակացույցն ու ծախսերը:

«Ամանոր 2020» միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակից՝ Գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությամբ: Սպասվում է հետաքրքիր մյուզիքլ՝ հայ էստրադային երգիչների մասնակցությամբ: Նախագծի իրականացման համար աշխատում է մեծաթիվ աշխատակազմ:
Նույնը օրը Երևանի 2750-ամյակի այգում կբացվի սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ ամեն օր կլինեն հետաքրքիր ծրագրեր:
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից Հանրապետության հրապարակում կլինի համերգային ծրագիր: Այդ օրն առաջին անգամ կներկայացվի «Երևան 2020» միջոցառումների համար գրված երգը: Հանրապետության հրապարակից ուղիղ եթերում կհնչի վարչապետի Ամանորի ուղերձը, իսկ արդեն կեսգիշերն անց տոնախմբող քաղաքացիներին կմիանա Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:
Ձևավորման մասին խոսելով՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ Հանրապետության հրապարակն այս տարի կներկայանա նոր տեսքով: Գլխավոր տոնածառին քաղաքացիները կմոտենան կառուցվող հատուկ վերգետնյա անցումով, որը հրապարակը կկապի Երևանի 2750-ամյակի այգուն: Հետաքրքիր ու ժամանակակից լուծումներով և գիշերային լուսավորությամբ աչքի կընկնեն հրապարակի շատրվանները: Հունվարի 5-ին հատուկ ծրագիր կլինի մանուկների համար: Ամանորի միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին:
«Տարիներ շարունակ քաղաքացիները ստիպված էին եղևնուն մոտենալ՝ խախտելով ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները, վտանգելով իրենց: Այս տարի այդ խնդիրը լուծում ենք կամրջի միջոցով»,-ասել է քաղաքապետի տեղակալը:
Անդրադառնալով միջոցառումների ծախսային մասին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել դրանք:
«Ես պետք է խոսեմ փաստերով և թվերով: 2017թ. Երևանի Ամանորի ծախսերի բյուջեն կազմել է 199 մլն 46 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 167 մլն 860 հազար ՀՀ դրամ և 2019թ.-ին՝ 158 մլն 512 հազար ՀՀ դրամ: Սա նշանակում է վերջին 2 տարիներին Երևանի բյուջեով նախատեսված ծախսային մասում ունենք շուրջ 40 մլն դրամի նվազում: Ինչ վերաբերում է կառավարության կողմից հատկացված 271 մլն դրամին, ապա նշեմ, որ այն պատվիրակված լիազորություն է: Միջոցներն ուղղվելու են Հանրապետության հրապարակում ու հարակից հատվածներում տոնական միջոցառումների կազմակերպմանը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել էր 54 մլն դրամ: Եղել է կառավարության կողմից առաջարկ՝ ավելացնել ծավալներն ու միջոցառումը դարձնել համապետական ու հրավիրել միջազգային հեղինակության արտիստ: Ի դեպ, ինչ վերաբերում է Գորան Բրեգովիչի հետ կնքված պայմանագրի արժեքին, ապա նշեմ, որ այն կազմում է 65 հազար եվրո: Իսկ Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել և չի ավելացնելու այս բյուջեն, ավելին, ամեն տարի կրճատվելու են այն ծախսերը, որոնք էապես չեն ազդի որակին»,-ընդգծել է փոխքաղաքապետը:
Տիգրան Վիրաբյանը խոսել է նաև գնումների ընթացակարգի մասին և նշել, որ թեև հնարավորություն է եղել մեկ անձից գնում կատարելու, սակայն ընտրվել է 4 տարբեր կազմակերպություն: Նշվել է, որ բոլոր ընկերություններն աշխատում են ԱԱՀ-ով և գումարի մի մասը վերադարձվում է բյուջե:

Լուսանկարներ

Տեսնել ավելին