ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայցով եղել է Կենտրոն վարչական շրջանում

20.07.2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հերթական աշխատանքային շրջայցը Կենտրոն վարչական շրջանում էր: Քաղաքապետը նախ ծանոթացել է Մաշտոցի պողոտա 2-4 և Լուսավորչի 17 շենքերի բակում կատարված աշխատանքներին:
Այս տարածքը բոլորովին վերջերս է համալրել Կենտրոն վարչական շրջանի օրինակելի բակերի շարքը: Բակի բարեկարգ տեսքը ամբողջացրել են վերջերս տեղադրված մանկական խաղերն ու մարզասարքերը: Բնակիչները իրենց գոհունակությունն են հայտնել համատիրության աշխատանքներից, իսկ բարձրացված խնդիրներից առաջինը ոռոգման ջուրն էր, որի ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է առաջիկայում լուծում գտնել: Հաջորդ խնդիրը հեղեղատարի հետ կապված թերությունն էր: Քաղաքապետը նշել է, որ այս մասով քաղաքում մեծ ծրագիր է իրականացվելու:
Երևանի քաղաքապետը շրջել է նաև Մաշտոցի պողոտա - Գրիգոր Լուսավորիչ փողոցների գետնանցումի տարածքում: Քաղաքապետը նշել է, որ գետնանցումների բարեկարգման ծրագրով առաջիկայում կհայտարարվի մրցույթ, և հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները, համաձայն որոնց` տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:
Յուրատեսակ հանգստի գոտու է վերածվել Հանրապետության 62 շենքի բակը, որը նաև տարիներ առաջ վարչական շրջանի լավագույն բակն է ճանաչվել: Հատկապես փոքրիկների հանգիստը կազմակերպելու համար առկա լողավազանին, այս տարի գումարվել են նաև կարուսելները: Վերջերս էլ քանդվել են բնակիչների կողմից նախկինում զբաղեցված բոստանային տարածքները, ուր տեղադրվել են նոր ու գեղեցիկ նստարաններ:
Կարեն Կարապետյանը գոհ է մնացել նաև Մաշտոցի 40 Ա շենքի բակում կատարված աշխատանքներից, ուր ևս բակի բնակիչների համար ստեղծվել են հանգստի բոլոր հնարավորությունները: Բակը բերվել է պատշաճ տեսքի: Ամեն ինչ խնամված է ու բարեկարգ:
Կարեն Կարապետյանը շրջել է նաև Հյուսիսային պողոտայում ու Սայաթ-Նովայի պողոտայում: Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցից հետո վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել ժամկետանց և ապօրինի կրպակների ապամոնտաժման գործընթացն արագացնելու խնդրին:
Կանաչապատման մասով քաղաքապետը նշել է, որ աշխատանքներ տարվում են, սակայն դրանք բավարար չեն մայրաքաղաքի կենտրոնը կանաչապատելու համար սահմանված չափանիշներին: Ընդգծվել են այն խնդիրները, որոնք կարճ ժամկետում լուծման կարիք ունեն: Տրվել են մի շարք հանձնարարականներ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x