ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցի

Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցի
Հնագույն Նորագավիթ գյուղը 10-ից ավելի եկեղեցի ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Գևորգը: Հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր եկեղեցուն: Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է` կամարակապ արևմտյան նախասրահով, 12 սյունից բաղկացած կաթողիկե-զանգակատնով: Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից:
Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են: 
Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է XVIIդ., իսկ 1981-84թթ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է: Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան: Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը: Եկեղեցու նորոգմանը  մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը: Նորոգման և բարեկարգման շնորհիվ Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը և գործում է: