ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հին Երևանի մամուլը

Հին Երևանի մամուլը

Պարսկական տիրապետության ժամանակ Երևանում մշակութային կյանքը լճացած էր, իսկ թերթեր չկային։ Պարսկական լծից ազատվելուց հետո հին Երևանը ապրեց մշակութային նոր և ուրույն կյանքով. բացվեցին դպրանոցներ, վարժարաններ, տպարաններ, լույս տեսան թերթեր, գրքեր։

Առաջին թերթը «Պսակ»-ն էր, որը լույս է տեսել 1880թ. մարտի 15-ից և ընդհատումներով տպվել մինչև 1884թ. ապրիլի 7-ը։ Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր ճանաչված մտավորական Վասակ Պապաջանյանը` իր գործին նվիրյալ անձ, որի ժողովրդավարական գաղափարները հետագայում արծարծել են երևանյան մյուս թերթերը։ Թերթն առաջին իսկ համարից շատ է անդրադարձել քաղաքի կյանքին։ Պարբերաբար տպագրվում էին թղթակցություններ, խառը լուրեր, նամակներ քաղաքային անցքերի մասին, անդրադառնում էին քաղաքային Դումայի քննարկումներին ու որոշումներին, տպագրվում էին ֆելիետոններ։ Առանձին տեղ էր զբաղեցնում բժիշկ Լևոն Տիգրանյանի առողջապահական շարքը։ «Մեր ցանկությունն է,- գրում է թերթի թղթակիցը,- որ «Պսակը» լինի բերան ժողովրդի, խոսի հասարակության հոգով, առանց կրքի պատմի շինականի և քաղաքացու ցավերը, նախանձախնդրությամբ հարվածի շահամոլներին, որոնք հասարակությանը կեղեքում են...»։
«Պսակ»-ը բովանդակությամբ շատ էր բազմազան. քաղաքային Դումա, հասարակական կյանք, միջադեպեր, տպագրվել են գեղարվեստական գործեր` երևանցուն կապելով գրական ստեղծագործություններին։
«Պսակ»-ը համարձակ պահվածքի պատճառով արժանանում է ցարական գրաքննադատության խիստ բացասական վերաբերմունքին և 1884թ. փակվում։
«Պսակ»-ից հետո պարբերականները լույս չեն տեսնում գրեթե մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակի վերջը, եթե հաշվի չառնենք «Առողջապահական թերթ»-ը՝ նեղ շրջանակ ընդգրկող։ Այդ թերթը լույս է տեսել 1881-1884թ. դեկտեմբերը, զուտ առողջապահական հարցեր էր առաջ քաշում բժշկության նվաճումները տարածելու համար։ Թերթի բնաբանում գրված էր «Բժշկականությունը գործադրվում է նաև վայրի ազգերի մեջ, իսկ առողջապահորեն ապրում են միայն լուսավորյալ ազգերը»։

1883թ. հրատարակվում է «Երևանի հայտարարություններ» թերթը, որի խմբագիրն էր Էմին Տեր-Գրիգորյանը՝ դերասան, հասարակական գործիչ, թատերագիր։ Թերթը լույս էր տեսնում շաբաթը մեկ՝ 1883թ. հունվարից մինչև 1885թ., որից հետո գրաքննության ճնշման ներքո սկսեց լույս տեսնել ռուսերեն` մինչև 1917 թվականը։
Թերթի թե' հայերեն և թե' ռուսերեն համարները հետաքրքիր էին. ամեն համար բացվում էր երգիծանքով, հումորով։ Հաճախ քննադատվում էին քաղաքային Դումայի ձայնավորները։ Թերթը միշտ անդրադառնում էր մեծահարուստների բարեգործություններին, ներկայացնում այն մարդկանց ցուցակը, ովքեր օժանդակել են նոր եկեղեցու՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի կառուցման գործին։
Երևանում 20-րդ դարասկզբին սկսեց լույս տեսնել «Հրազդան» թերթը, որի խմբագիր-հրատարակիչն էր Պողոս Կանդուրլյանը։ Հոդվածները մեծամասամբ գրում էր խմբագիրը, իսկ դրանց բովանդակությունն անմիջականորեն կապված էր քաղաքի կյանքին, տնտեսությանը։ Այդ թերթը հրատարակվեց մինչև 1909թ.։
Այդ տարիներին լույս էին տեսնում նաև ռուսերեն թերթեր («Երիվանսկի գուբերնսկի վեդոմոստի», «Երիվանսկի վեստնիկ»), որոնք բազմաբովանդակ էին, տպագրում էին գիտության ու տեխնիկայի նորություններ։

1911-12թթ. Երևանում սկսում է լույս տեսնել «Նոր ձայն» շաբաթաթերթը, որի խմբագիրն էր Աբգար Տեր-Աբրահամյանը։ «Երևանի հայտարարություններ»-ը ողջունում է դրա լույս ընծայումը. «Ցանկալի է, որ տեղվույս այն դասակարգը, որը իրեն մտավորական է համարում և գրականության ու լրագրության խոսքի նախանձախնդիր, միանան պ. Տեր-Աբրահամյանի հետ և մեջք մեջքի տված առաջ տանեն այս «Նոր ձայնը» հարատև ու անհրաժեշտ գավառական ձայն դարձնելու համար»։
Սակայն, չնայած այս սատարող խոսքին, թերթը երկար կյանք չի ունենում և փակվում է 1912թ.։

1908թ. Երևանում լույս է տեսնում «Կռան» թերթը, որի հրատարակիչ-խմբագիրն էր Մուշեղ Բագրատունին։ Նա շարունակեց նախորդների գործը: Հոդվածներ է տպագրել անգրագիտությունը վերացնելու և այլ խնդիրների մասին։ 1913 թվականից «Կռան»-ը սկսում է լույս տեսնել «Նոր մամուլ» անունով, դառնում եռօրյա և ավելի երգիծական ուղղություն է ձեռք բերում. խմբագիրը նույն Մուշեղ Բագրատունին էր։

Մյուս թերթը, որ 1913թ. սկսում է լույս տեսնել, սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ուներ և կոչվում էր «Խոսք»։ Ա. Մելիքյանի խմբագրականում նշվում է. «Հիրավի, մեր կյանքն այնքան բարդանում է, միատարր և միաձույլ ժողովուրդն այնպիսի խոշոր շերտավորումների է ենթարկվում, տնտեսական հարաբերություններն այնքան բարդ ու բազմատեսակ են դառնում, որ ընթերցող հասարակությունը չի կարող բավականանալ միայն մեկ թերթով»։

Խառը ժամանակների արդյունք էր «Ճառագայթ»-ը, որը խմբագրում էր Միսաք Հովհաննիսյանը։
1914թ. կյանքը եռում էր, և միմյանց փոխարինող թերթերը չէին հասցնում արտահայտել ու պարզաբանել իրավիճակը։

Երևանում մինչև 1920թ. լույս է տեսել 28 անուն թերթ ու ամսագիր, որոնցից շատերը շատ կարճ կյանք են ունեցել, բայց լումա են ներդրել քաղաքի և մարզի հասարակական-քաղաքական կյանքը պարզաբանելու, վեր հանելու դժվարին գործում։ Հետագայի թերթերից կարելի է հիշատակել մի քանիսը։ «Աշխատանք» (1915թ.), «Զանգ» (1917թ.), «Ժողովուրդ» (1918թ.), «Կայծ» (1918թ.), «Շանթ» (1918թ.), «Երկիր» (1919թ.), «Հառաջ» (1919թ.), «Սպարտակ» (1919թ.)։
Հին Երևանում առաջին տպարանը բացվել է Զաքարիա Գևորգյանի ջանքերով՝ 1874թ.։ Հետագայում ստեղծվեցին նորերը. «Պսակ» թերթի տպարանը, Էմին Տեր-Գրիգորյանի տպարանը սեփական տան կողաշենքում, որտեղ տպագրվում էին թերթերը։

Էդուարդ Ավագյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող