ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը 1933թ. հիմնադրված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի իրավահաջորդն է: Ստեղծվել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետաշինարարական և քիմիատեխնոլոգիական ֆակուլտետների հիման վրա` սկզբնապես ունենալով ընդամենը 107 ուսանող: 
1980-1985թթ. բուհը դարձավ Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը` շուրջ 25000 ուսանողով և 66-ից ավելի մասնագիտություններով:
1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական <<Պոլիտեխնիկ>> անունը:
ՀՊՃՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները` Գյումրիում, Վանաձորում և Կապանում:
Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր` միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով:
Ներկայումս Ճարտարագիտական համալսարանը տեխնիկական գիտությունների գիտահետազոտական խոշոր կենտրոն է: Գիտական հետազոտությունները կատարվում են ինչպես ֆակուլտետներում, այնպես էլ հետազոտական լաբորատորիաներում: Գործում է գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող մասնագիտացված 6 խորհուրդ:
Բուհն իր գործունեության 77 տարիներին տվել է մոտ 110000 շրջանավարտ: ՀՊՃՀ-ում այժմ սովորում են 10000-ից ավելի ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ: Համալսարանի օտարերկյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում սովորում են ավելի քան 250 արտասահմանցի ուսանողներ:
Համալսարանն իր ուսանողներին ընձեռում է ժամանցի և հանգստի  լայն հնարավորություններ Մեղրաձորում, Հանքավանում և Սևանա լճի ափին գտնվող հանգստյան գոտիներում, սպորտային ճամբարներում, ինչպես նաև իր մշակութային կենտրոնում` երաժշտական, լեզվի և սպորտային ակումբներում:
 
Այլ մանրամասներ տե՛ս www.seua.am:

 

Հասցե` Տերյան 105, Երևան 0009, հեռ.`  (+374 10) 52 46 29, Ֆաքս`  (+374 10) 54 58 43