ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հին Երևանի առևտրական դասը

Հին Երևանի առևտրական դասը

Հին Երևանում նշանավոր իշխանական տոհմերի և հայտնի եկեղեցական գործիչների պես առանձին դաս էին վաճառականները: Բաժանվում էին վեց դասի. բազազներ՝ Եվրոպայից ներմուծած ոսկե զարդերի առուծախ, աթթարներ՝ տեղական ապրանքի առք ու վաճառք, ալաֆաներ՝ իրացնում էին գյուղական մթերքը, բախկալներ՝ մրգավաճառություն և դուքանչիներ (միկիտաններ):
Ամենահարգվածն ու նշանավորը բազազներն էին, որոնք հիմնականում կտորեղեն (ճոթեղեն) և գործվածք էին վաճառում։ Նրանք ապրանքը ներմուծում էին հիմնականում Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից։ Հաճախ էլ անցնում էին՝ Վարշավա, Վիեննա։ Այս վաճառականները խանութների շարք ունեին քաղաքի կենտրոնում՝ Շահարում, Աստաֆյան փողոցում, Ղանթարում, Բերդի փողոցում և մինչև Բերդի հրապարակ հասնող երկհարկանի շենքում։ Դա, փաստորեն, Անգլիական այգին եզրափակող շինությունների շարք էր...


Հին Երևանի վաճառականներից կարելի է առանձնացնել մի քանիսին, որոնք ոչ միայն քաղաքի նշանավոր այրերն էին, այլև հայրերը։
Հայտնի Հակոբ Խորասանյանի երկհարկանի հոյակապ շենքն Աստաֆյան փողոցում էր։ Շենքի նկուղային հարկում պահեստներն էին՝ լեփ-լեցուն կտորեղենի թոփերով ու կապոցներով, մետաղյա ապրանքներով։ Շենքի երկրորդ հարկում ապրում էին տանտերերը։ Առանձին շքեղ հարկաբաժին կար հյուրերի համար։ Այդտեղ, փաստորեն, հին Երևանի առաջին հյուրանոցներից մեկն էր, եթե հաշվի չառնենք պարսից տիրապետության ժամանակներից մնացած քարվանսարայները։ Հակոբի կինը՝ Շամիրամը, Մամիկոնյան տոհմից էր։
Աստաֆյան փողոցում էր Եգոր Խանզադյանի տունը՝ հայտնի նմանը չունեցող Սաքսոնական վաճառատնով։ «Երևանի հայտարարություններ» թերթում հաճախ էին երևում Խանզադյանի գովազդները։ Աստաֆյանում էին Բարսեղ ու Գրիգոր Եղիազարյանների առանձնաշենքերը։ Բարսեղը նշանավոր վաճառական ու հասարակական գործիչ էր, քաղաքային դումայի պատգամավոր։ Արամ Բունիաթյանի գեղեցիկ առանձնատունը Բերդի փողոցում էր։ Առաջին հարկում խանութն էր, կողքին՝ դեղատունը, իսկ վերին հարկում՝ դահլիճը, որտեղ հավաքվում էին քաղաքի «ջոջերը»։ Դա ազնվական ակումբ էր. կազմակերպվում էին համերգներ, ելույթ ունենում երգիչները։
Ըստ Թ. Հակոբյանի «Երևանի պատմությունը» գրքի` 1863թ. քաղաքում ապրում էին 224 բազազներ։ Վաճառականները դասդասվում էին ըստ ունեցվածքի, կարողության և կոչվում էին գիլդիաներ։ Կար երեք գիլդիա։ Վերը նշված վաճառականները բոլորն էլ առաջին գիլդիայի անդամներ էին։ Ժողովուրդը նրանց հարգում էր ու անվանում «գիլդիկուպեց»։ Լոպազ ու ինքնավստահ քայլող մարդուն ծաղրում էին. «Տո, հո գիլդիկուպեց չե՞ս»։ Այս վաճառականների օգնությամբ ու միջոցներով են կառուցվել Երևանի ձիաքարշը, ջրմուղը։ Նրանց ջանքերով են նորոգվել եկեղեցիներ, կառուցվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում քանդվեց, տեղում այսօր Ե. Չարենցի անվան դպրոցն է։


Վաճառականների մյուս դասում այն մարդիկ էին, ովքեր միայն ոսկյա ու թանկագին քարեր էին ներմուծում և բերում էին միայն եվրոպական զարդեր։ Հին Երևանում ոսկերիչները շատ էին, ցրված քաղաքով մեկ՝ Աստաֆյան փողոցում, շուկաների մոտ, բանուկ փողոցներում։ Նրանք զարդեր էին պատրաստում ավանդական ոճով։ Եվ երբ Գեղամ ու Հովհաննես Մնացականյանները խանութ բացեցին, զարդարված հայելիներով, գեղեցիկ պաստառներով, իրենց կողմը քաշեցին նորը փնտրող հին երևանցիներին։

Առևտրական երրորդ դասը կոչվում էր աթթարներ. անունը մնացել է պարսկական տիրապետության շրջանից։ Նրանք հիմնականում զբաղվում էին տեղական ապրանքների առուծախով. առնում էին էժան, ծախում թանկ։
Ալաֆներ էր կոչվում առևտրական հաջորդ դասը: Կապված էին գյուղերի հետ՝ հացահատիկ, բուրդ, բրինձ էին բերում Երևան։ Մորթիների մեծ առուծախ կար, քանի որ նշանավոր Արամ Գաբրիելյանի կաշեգործարանը հումքի մեծ կարիք ուներ։
Գյուղում առևտրի եկած մի վաճառականի մասին նկարագրություն ունի Րաֆֆին։ Սայլը լծած գյուղ է մտնում վաճառականը, իջեցնում հսկայական կշեռքը։ Գյուղացիները բուրդ են բերում, դնում կշեռքի նժարին։ Վաճառականն ասում է, թե մոռացել է կշռաքարերը։ Ոչինչ, ասում է նա, ոտս ուղիղ մի ֆունտ է ու կանգնում է կշեռքի մոտ, ոտքը դնում նժարին ու որքան ուժ ունի՝ սեղմում։
Բախկալներ էին կոչվում մրգավաճառները։ Շատերը քաղաքի փողոցներում և շուկաներում կրպակների տեր էին։ Շատերն էլ, ինչպես հին Թիֆլիսում էր, մեծ սինիները վերցրած՝ փողոցից փողոց էին անցնում։

Վերջին դասում խմիչք վաճառողներն էին՝ դուքանչիները (միկիտանչիներ)։ Նրանք հիմնականում շուկաներում կամ մոտակայքում դուքաններ ունեին, խմիչք էին վաճառում, հիմնականում՝ գինի։ Ապրում էին նաև մյուս բնակավայրերում։ Պերճ Պռոշյանն իր «Հացի խնդիր» վեպում կերտել է Միկիտան Սաքոյի կերպարը, որպես ընդհանրացում ու ժամանակին հայտնի կերպար։ Միկիտանչիները խաբում էին գնորդին, խարդախում, գինուն ջուր ավելացնում։ Միկիտան Սաքոն այդ վեպում բնորոշում է իր նման միկիտանչիներին։ «Ոչովի մեղադրելու չէ,- ասում է նա,- ամեն մարդ էլ հացի ա ման գալի. հացի խնդիր ա»։ Հին Երևանում դուքանչիները շատ չէին` 63 հոգի, բայց հայտնի էին (մանավանդ գեղարվեստական գրականությունում Պ. Պռոշյանի մարմնավորած Միկիտան Սաքոյով)։

 

Հեղինակ` Էդուարդ Ավագյան
Երևան քաղաքի պատմության թանգարան