ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կանանց կրթությունը Երևանում

Կանանց կրթությունը Երևանում

Միջնադարյան Այսրկովկասում կանայք կրթվում էին ոչ թե դպրոցական, այլ անհատական, տնային ուսուցման եղանակով. գրագետ հայուհին կամ միանձնուհին մեկ կամ մի քանի աղջիկների սովորեցնում էր տարրական գրագիտություն, աղոթք, հաճախ էլ` ձեռագործ։ Հիշենք, օրինակ, Շուշի քաղաքի վարժուհի Եղիսաբեթ Սարգսյանին` Աքեր Եղիսաբեթին, ինչպես դիմում էին նրան մի հողե կտուրի տակ հավաքված այն 10-15 օրիորդները, որոնց դալար ճիպոտի <<զորությամբ>> նա սովորեցնում էր այբբենարան, սաղմոս, կտակարան ու ձեռագործ։
Դրանք խալֆայական դպրոցներ էին, որոնց զուգընթաց, 19-րդ դարում` ռուսական կայսրության տիրապետության շրջանում, ստեղծվեցին նաև իգական կանոնավոր դպրոցներ` մի մասը պետական, մյուսը` մասնավոր հիմունքներով։ Սակայն այնքան մեծ էր դրանց և խալֆայական դպրոցների տարբերությունն ուսուցման որակի առումով, որ ճիշտ կլինի, եթե ասենք, որ կանանց կրթության գործը Հայաստանում սկզբնավորվում է 19-րդ դարի առաջին կեսին։
Այս կարևոր գործում մեծ է Կովկասի փոխարքա Վորոնցովի կնոջ` իշխանուհի Ե. Կ. Վորոնցովայի ներդրումը։ Նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվում է Սբ. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերությունը, որը մասնաճյուղեր է բացում տարածաշրջանի մի շարք քաղաքներում (այդ թվում` Երևանում) և ձեռնամուխ է լինում իգական դպրոցներ բացելու գործին։ Այդ նպատակին իշխանուհին տրամադրում է 200 000 ռուբլի։ Ուսումնական առաջին հաստատությունը բացվում է Թիֆլիսում` 1846թ. մայիսի 5-ին և կոչվում Սբ. Նինայի անվան։ Երևանում օրիորդաց դպրոցը բացվում է 1850թ., հունվարի 2-ին և կոչվում է Սբ. Հռիփսիմեի անվան։ 1884թ. այն դառնում է իգական պրոգիմնազիա, իսկ 1898թ.` գիմնազիա: Գործում էր Նազարովի փողոցում (այժմ` Ամիրյան) կառուցված հարմարավետ, գեղեցիկ շենքում, որը կանգուն է նաև մեր օրերում։ Այստեղ սովորում էին հիմնականում հարուստների աղջիկները, որովհետև ուսումը շատ թանկ էր, և սովորական քաղաքացիները վճարել չէին կարող։ Հետաքրքիր է, որ ընդունելության փաստաթղթերից ծննդյան վկայականի հետ կարևոր էին համարում նաև տեղեկանքները մկրտվելու, առողջական վիճակի և ծաղիկ հիվանդության դեմ պատվաստված լինելու մասին։

Գիմնազիայում մի քանի կարևոր առարկաների հետ (ռուսաց լեզու, թվաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանսերեն) դասավանդել են նաև նկարչություն, երաժշտություն, պար, ձեռագործ, հիգիենա և մի քանի այլ առարկաներ, որոնք արական դպրոցներում չէին դասավանդում։ Հայոց լեզուն պարտադիր առարկաների ցանկում չէր, և սանուհիները բողոքի ու դասադուլների գնով էին նվաճում մայրենին սովորելու իրավունքը։
Սբ. Հռիփսիմեի անվան դպրոցից հետո, որոշ ժամանակ անց` 1866թ. ապրիլի 10-ին, Երևանում բացվում է իգական երկրորդ դպրոցը, որը կոչվում է սբ. Գայանեի անվան։ Այն ծխական հոգևոր ուսումնարան էր և բացվեց դեռահասների շրջանում կրոնական բարոյականություն սերմանելու նպատակով։ 1879թ. օգոստոսի 31-ին սինոդի որոշմամբ ծխական ուսումնարանը դառնում է միջնակարգ դպրոց` 3 դասարանով։ Գործել է Պողոս-Պետրոս եկեղեցու բակում, բավական հարմարավետ շենքում։

1906թ. ապրիլին, իբրև մասնավոր պրոգիմնազիա, Երևանում բացվում է իգական երրորդ դպրոցը, որը 1912թ. վեր է ածվում Ալեքսանդր 1-ինի անվան թիվ 2 իգական գիմնազիայի։
Բացի վերոհիշյալ պետական դպրոցներից, Երևանում և Երևանի նահանգում եղել է մի քանի մասնավոր իգական դպրոց: Դրանցից Կովկասի ուսումնական օկրուգի հոգաբարձու Երմոնիա Տեր-Սարգսյանի նախաձեռնությամբ բացված դպրոցի նպատակը հիմնականում սանուհիներին գրաճանաչ դարձնելն էր։
Մինչև 20-րդ դարի սկիզբը Այսրկովկասում և ռուսական կայսրության հայաշատ վայրերում հայ օրիորդաց դպրոցների ընդհանուր թիվը հասնում էր 83-ի` 4548 սանով։ Այսպիսով` գրագետ օրիորդների թիվն այնքան էլ մեծ չէր, բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Այսրկովկասը 19-րդ դարում տնտեսական և մշակութային առումով դեռևս ցածր մակարդակի էր և շատ ուժեղ էին նախապաշարումները, ապա աղջիկների կրթության գործում ձեռք բերվածը լուրջ առաջընթաց էր։

 

Սուսաննա Հարությունյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտաշխատող
Լուսանկարում` Հռիփսիմեաց գիմնազիայի սան Արուսյակ Գառնյանն է։