Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1004-Ա 17.03.2020թ.


ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.49/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՀԱՅԿ-88» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ
ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Հայկ-88» ՍՊԸ-ի լ/ա Մուշեղ Խաչիկյանի դիմումը՝ Կոմիտասի պողոտայի հ.49/9 առևտրի սրահի զբաղեցրած 2016.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունք տրամադրելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 23.10.2013թ. հ.23102013-01-0014 վկայականը, առևտրի սրահի վերակառուցման էսքիզ առաջարկը, նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/, համաձայն որի քննարկվող հողամասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում, իսկ 2774.1քմ մակերեսով առևտրի սրահը ենթակա է քանդման:
Քննարկվող` 2016.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49–րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3–րդ, 53–րդ, 59–րդ, 60–րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 481-րդ, 59-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ, 430-րդ, 466-րդ, 467-րդ 468-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.11.2019թ. հ.18-06/1386 և 22.11.2019թ. հ.18-06/2-112398 եզրակացությունները.
1. Կոմիտասի պողոտայի հ.49/9 հասցեում, «Հայկ-88» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված 2016.0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող գույքը քանդելու նպատակով` ընկերությանը տրամադրել քանդման թույլտվություն:
2. Սահմանել, որ Կոմիտասի պողոտայի հ.49/9 հասցեում գտնվող 2016.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Կոմիտասի պողոտայի հ.49/9 հասցեում գտնվող 2016.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` ընդհանուր օգտագործման։
4. Կոմիտասի պողոտայի հ.49/9 հասցեում, «Հայկ-88» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված 2016.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ կնքված 2003 թվականի փետրվարի 3-ի հ.2-529 և 2005 թվականի նոյեմբերի 4-ի հ.5836 վարձակալության պայմանագրերում կատարել փոփոխություն՝ դրանք շարադրելով որպես համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:
5. Կոմիտասի պողոտայի հ.49/9 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին՝ Երևանի քաղաքապետի անունից «Հայկ-88» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ հողամասի վարձակալության 03.02.2003թ. հ.2-529 և 04.11.2005թ. հ.5836 պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին` դրանք շարադրելով որպես կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 36-րդ կետի 2-րդ մասի գ) ենթակետով սահմանված չափով՝ կառուցապատման ժամկետը սահմանելով մինչև 2080 թվականի ապրիլի 1-ը՝ ներառելով նաև կետեր հետևյալ բովանդակությամբ.
«4.1.4 Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:»,
«4.1.5 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:».
«4.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:
«4.1.7 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Կառուցապատման իրավունք ունեցողն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:».
«4.4.6 Կառուցապատողը պարտավոր է պայմանագրի 1.1 կետում նշված հողամասն օգտագործել բացառապես բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման նպատակով և դրա նպատակային նշանակությանը համապատասխան:».
«4.4.7 Երևան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարությունը չսկսելու և /կամ/ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու դեպքում կառուցապատողը պարտավորվում է վճարել տուգանք՝ 30000000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամի չափով:
6. Ընդունել ի գիտություն, որ.
1) համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում,
2) քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից տրամադրվող նախագծման թույլտվությունը /ճարտարապետահա-տակագծային առաջադրանքը/։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա-շինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ