Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1005-Ա 17.03.2020թ.


ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լուսինե Խրանյանի լ/ա Վ.Խրանյանի դիմումը՝ Արամի փողոցի հ.7 հասցեում, սեփականության իրավունքով Լուսինե Խրանյանին պատկանող առևտրագործարարական շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03102019-01-0091 վկայական) հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող շենքի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 204.5քմ /ինչն ամրագրված է վկայականում/, ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ, 207-րդ հոդվածի 1-ին մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 21.01.2020թ հ.14.1/1423-2020 գրությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.02.2019թ հ.18-06/1-Խ-455 եզրակացությունը.
1. Սահմանել որ, Արամի փողոցի հ.7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լուսինե Խրանյանին պատկանող առևտրագործարարական շենքի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 204.5քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Արամի փողոցի հ.7 հասցեում գտնվող 204.5քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և հասարակական կառուցապատման:
3. Լիազորել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա. Պողոսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Արամի փողոցի հ.7 հասցեում գտնվող առևտրագործարարական շենքի զբաղեցրած 204.5քմ մակերեսով հողամասի համար Լուսինե Խրանյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամկետով, տարեկան վարձավճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետի գ)- պարբերությամբ նախատեսված չափը։
4. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրում «պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները» գլխում «վարձատուի իրավունքները» կետը անհրաժեշտ է լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9, 6.10 ենթակետերով հետևյալ բովանդակությամբ՝
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
«6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա. Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին) ՝առկայության դեպքում,
գ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը` պետական գրանցման կադաստրի կոմիտեում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ