Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1007-Ա 17.03.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ /COVID-19/ ՏԱՐԱԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի հ.298-Ն, Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 3-ի հ.940-Ա և 2014 թվականի ապրիլի 11-ի հ.1378-Ա որոշումներով, նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID-19, այսուհետ՝ վարակ/ տարածումը կանխարգելող աշխատանքներ կատարելու և Երևան քաղաքում բնակչության պաշտպանության միջոցառումները լիարժեք իրականացելու նպատակով հանձնարարել.
1. Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների հանձնաժողովին՝
1) ճշգրտել և գործողության մեջ դնել «Արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության» պլանը.
2) ճշգրտել ուժերն ու միջոցները և բերել պատրաստականության.
3) միջոցներ ձեռնարկել բնակչության պաշտպանության միջոցառումները ողջ ծավալով իրականացնելու համար
4) բնակչության պաշտպանության միջոցառումները սկսել անհապաղ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սանիտարահիգիենիկ աշխատանքների իրականացմանը.
5) ճշտել ղեկավար կազմում հիվանդների թվաքանակը և հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել համալրում.
6) աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով՝
ա. Երևանի քաղաքապետարանում ստեղծել վարակի տարածման կանխարգելման և արձագանքման շտաբ՝ շտաբի պետ նշանակելով Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանին.
բ. Երևան քաղաքի վարչական շրջաններում ստեղծել աշխատանքային խմբեր՝ խմբի ղեկավարներ նշանակելով Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների տեղակալներին.
գ.շտաբի և խմբերի աշխատանքներն իրականացնել շուրջօրյա, երեք հերթափոխով, ներգրավելով վարչական շրջանների և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցներին, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին.
7) չեղարկել օտարերկրյա գործուղումները և բոլոր խոշոր միջոցառումները.
8) խստորեն հորդորել աշխատակիցներին, առաջիկա մեկ ամսվա ընթացքում արձակուրդում գտնվելու պարագայում, այն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում.

9) ապահովել ղեկավարվող մարմնում և ենթակայության գործող բոլոր կառույցների անցակետերում ամենօրյա ռեժիմով պարտադիր ջերմաչափման և, ըստ անհրաժեշտության, կանխարգելիչ համաճարակային միջոցառումների իրականացումը.
10) ուժեղացնել մանրէաբանական միջոցներով արտաքին միջավայրի վարակման դիտարկումները, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային միջոցառումների անցկացումը։
2. Առաջարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին`
1) համագործակցելով Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ, իրականացնել բնակչության տեղեկատվություն գործելակարգի վերաբերյալ` օգտագործելով նաև ոստիկանության մեքենաների բարձրախոսները.
2) իրականացնել միջոցառումներ անկարգությունների, խուճապային տրամադրությունների դեմ.
3) բացատրական աշխատանքներ տանել հիվանդների հարազատների հետ.
4) պատրաստ լինել արտակարգ դրության վարչական ռեժիմային միջոցառումների իրականացմանը, անհրաժեշտության դեպքում համագործակցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ՝ Երևան քաղաք մտնող մայրուղիներում և բուժհաստատություններում անցագրային կետեր ստեղծելու նպատակով։
3. «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին՝ ապահովել անհրաժեշտ տեղեկատվության ընդունումը, մշակումը և փոխանցումը:
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին`
1) կազմակերպել հիվանդների հրատապ բժշկական օգնության ցուցաբերումը.
2) մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների համար համապատասխան բժշկական հիմնարկներում ծավալել լրացուցիչ մահճակալներ.
3) հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հոգեբանական վիճակին.
4) միջոցներ ձեռնարկել համաճարակի կանխարգելման ուղղությամբ՝ մասնավորապես կազմակերպել հիվանդների հետ շփված անձանց մեկուսացումը.
5) սերտորեն համագործակցել «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
5. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ-տնտեսության վարչության պետին` անհրաժեշտության դեպքում կազմակերպել փողոցների, շինությունների և տրանսպորտային միջոցների ախտահանում։
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին` ճշգրտել տրանսպորտային ապահովման միջոցները՝ ներգրավելով նաև կազմակերպությունների և քաղաքացիների տրանսպորտը:
7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետին`
1) ճշգրտել առևտրի, սննդի և կենսաապահովման այլ օբյեկտների ցանկը և հնարավորությունները.
2) նախապատրաստել և անհրաժեշտության դեպքում ապահովել հիվանդ և կարանտինում գտնվող մարդկանց՝ սննդամթերքով, ջրով և առաջին անհրաժեշտության պարագաներով:
8. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին`
1) ճշտել նյութատեխնիկական ապահովման կազմակերպությունների ցանկն ու հնարավորությունները.
2)ապահովել ձեռք բերվող ախտահանիչ նյութերի և անհատական պաշտպանության միջոցների ֆինանսավորումը.

3) նախապատրաստել անհրաժեշտ քանակության վառելիքաքսուքային նյութերի և այլ անհրաժեշտ միջոցների պաշար՝ աշխատանքների ապահովման համար:
9. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին`
1)կազմակերպել բնակչության իրազեկումը www.yerevan.am կայքով և զանգվածային լրատվական միջոցներով.
2)ստեղծել «Թեժ գիծ»` բնակչությանն անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար:
10. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետին` կազմակերպել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկատվության տրամադրումը իրականացվող միջոցառումների և անհրաժեշտ օգնության վերաբերյալ:
11. Առաջարկել «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` միջոցներ ձեռնարկել բժշկական հաստատություններում շուրջօրյա անխափան էլեկտրամատակարարում ապահովելու ուղղությամբ:
12. Առաջարկել «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝
1) կազմակերպել և իրականացնել Երևան քաղաքի ողջ տարածքի համաճարակային վիճակի մշտադիտարկում՝ ներգրավելով Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումները և ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի կազմակերպությունները.
2) իրավիճակի մասին տեղեկատվություն ներկայացնել օպերատիվ շտաբ՝ յուրաքանչյուր ժամը մեկ, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում՝ անհապաղ:
13. Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին`
1) բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում.
2) համատիրությունների միջոցով կազմակերպել շենքերի մուտքերի և վերելակների ախտահանում.
3) համատիրությունների միջոցով կազմակերպել մշտադիտարկում:
14. Առաջարկել բոլոր իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`
1) ճշտել և գործողության մեջ դնել արտակարգ իրավիճակներում գործելու պլանը.
2) անհրաժեշտության դեպքում կենսաապահովման օբյեկտներում սահմանել շուրջօրյա աշխատանքային ռեժիմ.
3) ապահովել աշխատակիցներին ախտահանիչ միջոցներով և անհատական պաշտպանության միջոցներով.
4) կազմակերպել կազմակերպության տարածքի ախտահանում.
5) իրականացնել մշտադիտարկում.
6) միջոցների անհրաժեշտության դեպքում հայտ ներկայացնել օպերատիվ շտաբի տարածքային խմբերին.
7) սահմանված կարգով իրականացնել առկա ուժերի և միջոցների տրամադրումը:
15. Վտանգավոր օբյեկտների ղեկավարներին`
1) միջոցներ ձեռնարկել հնարավոր վթարների կանխարգելման համար.
2) վթարների առաջացման դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել վթարների վերացման և հնարավոր վարակման գոտում հայտնված բնակչության և աշխատակիցների պաշտպանության համար:
16. Օպերատիվ շտաբի պետին`
1) մեկօրյա ժամկետում կազմել և Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնել օպերատիվ շտաբի և վարչական շրջաններում ստեղծվող խմբերի անդամների ցուցակները և հերթապահության գրաֆիկները.

2) վերահսկել իրականացվող միջոցառումների կատարման ընթացքը և բնակչության իրազեկումը զանգվածային լրատվական միջոցներով.
3) իրավիճակի և անցկացվող միջոցառումների ընթացքի մասին զեկուցել երկու ժամը մեկ, իսկ իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում՝ անհապաղ:
17. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել օպերատիվ շտաբի պետի վրա:
18. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ