Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.01.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

108-Ա  18.01.2018թ.

<<Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ>> ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ
ՄԻՋՈՑՈՎ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հ.Շահբազյանի գրությունը՝ Աբովյան փողոցի հ.5/1  հասցեում, սեփականության և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01112012-01-1324 վկայական) զբաղեցրած հողամասին կից` ընդլայնման նպատակով,  ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ  հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 473.16քմ (ծածկագրեր՝ 01-006-425-001, 01-006-975-001), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինությունների սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։
Քննարկվող հողամասն  ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 49-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 8-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.12.2017թ. հ.18-06/2-83821 եզրակացությունը.
1.Աբովյան փողոցի հ.5/1  հասցեում, «Ա.Ա.Դ ՀՈԹԵԼ» ՓԲԸ-ին սեփականության և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողամասին կից` 473.16քմ մակերեսով հողամասը, շենքի սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը` տարածագնահատման 1-ին գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 28 389 600 (քսանութ միլիոն երեք հարյուր ութսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Աբովյան փողոցի հ.5/1  հասցեին  կից՝ 473.16քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ և գործառնական նշանակությունները /օգտագործման նպատակը/ սահմանել բնակավայրերի և հասարակական կառուցապատման հողերի։
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին հողամասի առուվաճառքի պայմանագրում նախատեսել սահմանափակում՝ հողամասը ձեռք բերողի կողմից ընդլայնվող տարածքով, Աբովյան փողոցից դեպի Հին Երևանցու փողոց, ինչպես նաև մինչև Հյուսիսային պողոտայի հետ կապն ապահովող առկա կամուրջը հատվածով մշտապես, ազատ, անարգել ելումուտ և անցանելություն ապահովելու վերաբերյալ։
4.Հողամասի սահմանները որոշվում են 473.16քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
6.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
7.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը, ինչպես նաև սահմանափակումը, ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ