Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2019


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1285-Ա 19.04.2019թ.

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Զորիկ Ասլյանի 2019 թվականի հունվարի 30–ի թիվ Ա-821 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և մասնակցել է Զորիկ Ասլյանը:
Ուսումնասիրելով Զորիկ Ասլյանի 2019 թվականի հունվարի 30–ի թիվ Ա-821 և 2019 թվականի մարտի 13-ի թիվ Ա-2494 դիմումները, գնահատելով դիմումներին կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները` վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Զորիկ Ասլյանի 2019 թվականի հունվարի 30–ի թիվ Ա-821 դիմումի՝ 2019 թվականի հունվարի 12-ին Մյասնիկյան պողոտայով երթևեկելիս, Գայի պողոտայից դեպի Հերացու փողոցի ուղղությամբ անցնելով կամուրջի տակով, կամուրջի ծեփերը պոկվել և ընկել են ավտոմեքենայի դիմապակու վրա, ինչի հետևանքով այն կոտրվել է և պատճառվել է նյութական վնաս՝ 65.000 ՀՀ դրամի չափով:
Համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ին տրված հ.KB915918 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի՝ 10QR077 հաշվառման համարանիշով «Լեքսուս RX330» մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է Զորիկ Ասլյանի սեփականությունը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի տեղակալի 2019 թվականի հունվարի 21-ի «Վարչական վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն՝ 2019 թվականի հունվարի 12-ին, ժամը 18:30-ի սահմաններում Զորիկ Ասլյանը «Լեքսուս» մակնիշի 10QR077 հ/հ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայով Գայի պողոտայի կողմից դեպի Հերացու փողոցի ուղղությամբ՝ աջ եզրային գոտիով 40-50կմ/ժ արագությամբ: Հասնելով Ռուբինյանց փողոցը Գայի պողոտային կապող կամրջի տակ, կամրջի ստորին մասից քարանման կտորն ընկել է ավտոմեքենայի դիմապակուն և պատճառել նյութական վնաս: Նկատի ունենալով, որ Զորիկ Ասլյանի գործողություններում չեն եղել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով, թիվ 667 նյութերով վարչական վարույթը կարճվել է:
Համաձայն 2019 թվականի հունվարի 15-ի հ.Բ5225320505 հաշիվ վավերագրի՝ Ա/Ձ Մեխակ Մարտիրոսյանի /ծառայություն մատուցող անձ/ կողմից «Զ և Գ Տելեմատիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /ծառայություն ստացող անձ/ մատուցվել է ավտոմեքենայի դիմապակու տեղադրման ծառայություն, որի արժեքը կազմել է 15000 ՀՀ դրամ:
Համաձայն 2019 թվականի հունվարի 15-ի հ.Ա5403991796 հարկային հաշվի՝ Ա/Ձ Մեխակ Մարտիրոսյանի /ապրանք մատակարարող անձ/ կողմից «Զ և Գ Տելեմատիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /ապրանք ձեռք բերող անձ/ մատակարարվել է ավտոմեքենայի դիմապակի, որի արժեքը կազմել է 50000 ՀՀ դրամ:
Համաձայն 2019 թվականի հունվարի 17-ի հ.05 ճարման հանձնարարագրի՝ «Զ և Գ Տելեմատիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Ա/Ձ Մեխակ Մարտիրոսյանին վճարել է 65000 ՀՀ դրամ՝ համաձայն 2019 թվականի հունվարի 15-ի հ.Ա5403991796 հարկային հաշվի և հ.Բ5225320505 հաշիվ վավերագրի:
«Զ և Գ Տելեմատիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Զորիկ Ասլյանին 2019 թվականի հունվարի 15-ին տրվել է տեղեկանք առ այն, որ 2019 թվականի հունվարի 15-ին ընկերության կողմից դուրս է գրվել 65000 ՀՀ դրամ, Զ.Ասլյանի սեփականությունը հանդիսացող «Լեքսուս RX 330» մակնիշի /պետհամարանիշ՝ 10QR077/ ավտոմեքենայի կոտրված դիմապակու վերանորոգման համար, որը կոտրվել էր Մյասնիկյան պողոտայով երթևեկելիս՝ կամրջից պոկված բետոնե կտորների թափման հետևանքով, որպես անտոկոս փոխառություն՝ 6 ամիս ժամկետով:
«Զ և Գ Տելեմատիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված փոխառության պայմանագրի օրինակը դիմումատուի կողմից, որպես ապացույց, չի ներկայացվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի 04.02.2019 թվականի հ.16/Ա-821 գրությամբ, կապված Մյասնիկյան պողոտայի կամրջից պոկված բետոնե բեկորի հետևանքով մեքենային պատճառված վնասը փոխհատուցելու մասին Երևանի քաղաքապետին ուղղված քաղաքացի Զորիկ Ասլյանի 2019 թվականի հունվարի 30-ի դիմումի հետ, հայտնվել է, որ տեղում կատարված ակնադիտական տեղազննմամբ պարզվել է, որ կամրջի ներքևի հատվածներում թափվելու վտանգ ներկայացնող բետոնե բեկորներ չեն հայտնաբերվել:
Դիմումատուի կողմից կրած վնասը 65000 ՀՀ դրամ կազմելու փաստի ապացուցման նպատակով ներկայացված՝ «Զ և Գ Տելեմատիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի հունվարի 15-ի տեղեկանքով չի հիմնավորվում, որ նշված գումարն իրենից ներկայացրել է «Զ և Գ Տելեմատիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Զորիկ Ասլյանից, որպես փոխառություն, վերցված գումար, որը վերադարձվել է Զորիկ Ասլյանին՝ վերջինիս համար 65000 ՀՀ դրամ գումարին համարժեք ծառայություն և ապրանք ձեռք բերելու արդյունքում, հետևաբար չի ապացուցվում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի տեղակալի 2019 թվականի հունվարի 21-ի «Վարչական վարույթը կարճելու մասին» որոշմամբ նկարագրված պատահարի արդյունքում Զորիկ Ասլյանի կողմից 65000 ՀՀ դրամի չափով վնաս կրելու հանգամանքը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա. անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.
բ. վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
Քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 878-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին Զորիկ Ասլյանի 2019 թվականի հունվարի
30-ի թիվ Ա-821 և 2019 թվականի մարտի 13-ի թիվ Ա-2494 դիմումները մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ