Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1699-Ա 22.05.2019թ.


ՎԱՀԵ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ
ՄԻՋՈՑՈՎ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահե Մաթոսյանի լ/ա Հարություն Կարապետյանի դիմումը՝ Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահե Մաթոսյանին պատկանող բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15022019-01-0161 վկայական) զբաղեցրած հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 27.84քմ (ծածկագիր՝ 01-004-110-001, Երևան քաղաքի ավագանու 2012թ. մայիսի 3-ի հ.446-Ն որոշում, տող՝ 21957), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության սպասարկման կամ դրանց վերակառուցման ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։
Քննարկվող՝ 27.84քմ մակերեսով հողամասը ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի, և հասարակական կառուցապատում, ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ, հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.04.2019թ. հ.18-06/1-Կ-1740 եզրակացությունը.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.1 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 27.84քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.1 հասցեին կից՝ 27.84քմ մակերեսով հողամասին տրամադրել «Փիրումյանների փողոց, հ.32/1» հասցեն:
4. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.1 հասցեին կից՝ 27.84քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մասը կազմող նախագծման թույլտվության։
5. Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.1 հասցեին կից հողամասի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.1 հասցեում գտնվող, Վահե Մաթոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասին կից` 27.84քմ մակերեսով հողամասը շենքի սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 125948 (հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր քառասունութ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Վահե Մաթոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը, ինչպես նաև կից ներակայացված Ճարտարապետահատակագծային առաջադրանքը ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ