Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2026-Ա 19.06.2019թ.


ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.96, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.98 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՂԹԱՅԱԿԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետի 2007 թվականի հունիսի 21-ի հ.1788-Ա որոշմամբ Նալբանդյան փողոց, հ.96, Նալբանդյան փողոց, հ.98 շենքերի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել են տվյալ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին։ Երևանի քաղաքապետի 2007 թվականի հունիսի 21-ի N1788-Ա որոշման հիման վրա հաստատվել է հ.1375-2007, հ.7099-2007 գլխավոր հատակագծերը, համաձայն որի՝ Նալբանդյան փողոց, հ.96, Նալբանդյան փողոց, հ.98 շենքերի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսները համապատասխանաբար կազմել են 917.35քմ և 1274.3քմ, սակայն հողամասերի սահմանների ճշգրտումից պարզվել է, որ Նալբանդյան փողոց, հ.96 շենքի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 734.15քմ, իսկ Նալբանդյան փողոց, հ.98 շենքի զբաղեցրած հողամասի մակերեսը՝ 1167.14քմ։
Երևանի քաղաքապետի 2007 թվականի հունիսի 21-ի հ.1788-Ա որոշման կայացման պահին Երևան քաղաքն ունեցել է մարզի կարգավիճակ, իսկ Երևանի քաղաքապետարանը հանդիսացել է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը;
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքները, հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 224-րդ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.05.2019թ. հ.18-06/1-Մ-5647 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նալբանդյան փողոց, հ.96 հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 734.15քմ:
2. Սահմանել, որ Նալբանդյան փողոց, հ.98 հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 1167.14քմ:
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նալբանդյան փողոց, հ.96, Նալբանդյան փողոց, հ.98 հասցեներում գտնվող 734.15քմ, 1167.14քմ մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել բնակելի կառուցապատման:
4. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծերով։
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մեկ օրինակը առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի¬նության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ