Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2471-Ա  04.07.2018թ.

ԴԻՄՈՒՄԸ   ՄԵՐԺԵԼՈՒ   ՄԱՍԻՆ
    


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Արսեն Մանուկյանի 2018 թվականի հունիսի 4–ի թիվ Մ-4234 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2018 թվականի հունիսի 19-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել է Արսեն Մանուկյանը:
Ուսումնասիրելով Արսեն Մանուկյանի 2018 թվականի հունիսի 4–ի թիվ Մ-4234 դիմումը,  գնահատելով դիմումին կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Արսեն Մանուկյանի 2018 թվականի հունիսի 4–ի թիվ Մ-4234 դիմումի՝ 2018 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի հ.8 շենքի բակային տարածքում գտնվող ծառը տապալվել է իր սեփականությունը հանդիսացող «Օպել Աստրա» մակնիշի 35TS300 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի արդյունքում այն վնասվել է:
Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման քննական բաժնի կողմից 2018 թվականի հունիսի 2-ին տրված հ.2262589 տեղեկանքի՝ «Օպել Աստրա» մակնիշի 35TS300 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ժամանակավոր հանվել է հաշվառումից:
Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթ բաժնի պետի 2018 թվականի մայիսի 8-ի զեկուցագրերի՝ 2018 թվականի մայիսի 8-ին Հասմիկ Պետրոսյանից ստացվել են ահազանգեր այն մասին, որ Գ.Նժդեհի փողոցի հ.8 հասցեում, «Քվանտ» վարժարանի դիմաց, ծառը պոկվել և ընկել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթ բաժնի պետի 2018 թվականի մայիսի 12-ի զեկուցագրի՝ Հասմիկ Պետրոսյանից ստացված ահազանգի կապակցությամբ այցելություն է կատարվել Գ.Նժդեհի փողոցի հ.8 հասցե, որտեղ պարզվել է, որ նույն օրը քամու ուժգնության պատճառով Գ.Նժդեհի փողոցի հ.8 շենքի բակում՝ «Քվանտ» վարժարանի հարևանությամբ առկա ծառի ճյուղը կոտրվել և վայր է ընկել կայանված «Օպել» մակնիշի  35TS300 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան պատկանում է Գ.Նժդեհի փողոցի հ.8 շենքի հ.40 բնակարանի բնակիչ Արսեն Զաքարի Մանուկյանին, ով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և հանդիսանում է ահազանգող՝ Հասմիկ Պետրոսյանի ամուսինը:
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2018 թվականի հունիսի 15-ի հ.17/Մ4234-ել գրության՝ Գ.Նժդեհի փողոցի հ.8 շենքի բակում տապալված ծառը հանդիսացել է Երևան համայնքի սեփականությունը, ծառը եղել է կենսունակ և առողջ, ծառի տապալման պատճառ է հանդիսացել ուժգին քամին:
Լսումների ընթացքում Արսեն Մանուկյանը, որպես պատճառված վնասի հատուցում /ավտոմեքենայի վերանորոգման ծախս/, պահանջեց 200000-250000 դրամ գումար, իսկ վնասը նշված գումարի չափին համապատասխան լինելու հանգամանքը հիմնավորեց շուկայում գործող գներով և վերանորոգման աշխատանքների արժեքով:
Լսումների ընթացքում Արսեն Մանուկյանը հայտնեց, որ ավտոմեքենայի առկա վնասվածքները տվյալ ծառի տապալման հետևանք հանդիսանալու հանգամանքը հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2018 թվականի մայիսի 8-ին դեպքի վայրի զննության մասին կազմված արձանագրությամբ և ավտոմեքենայի լուսանկարներով:
Լսումների ընթացքում Արսեն Մանուկյանը հստակեցրեց, որ վնասի հատուցման պահանջն ուղղվում է Երևանի քաղաքապետին, քանի որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ չի կատարել սանիտարական պարտադիր հատումներ կատարելու իր պարտականությունը /ծառը տապալվել է փտած բուն ունենալու պատճառով/:
Ամփոփելով պահանջը՝ Արսեն Մանուկյանը խնդրեց հնարավորինս սեղմ ժամկետում փոխհատուցել վնասը, քանի որ ավտոմեքենան հանդիսանում է ընտանեկան հոգսը հոգալու միակ միջոցը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթ բաժնի պետի 2018 թվականի մայիսի 12-ի զեկուցագրով հիմնավորվում է 2018 թվականի մայիսի 8-ին Գ.Նժդեհի փողոցի հ. 8 հասցեում, «Քվանտ» վարժարանի հարևանությամբ առկա ծառի ճյուղը «Օպել» մակնիշի 35TS300 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու հանգամանքը, սակայն ավտոմեքենայի առկա վնասվածքների և դրանց առաջացման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև վնասի չափը հիմնավորող ապացույցներ չեն ներկայացվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2018 թվականի հունիսի 15-ի հ.17/Մ4234-ել գրության համաձայն՝ ծառի տապալման պատճառ է հանդիսացել ուժգին քամին, իսկ ծառը փտած լինելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել /վարչական վարույթի նյութերում առկա լուսանկարներում երևում է տապալված ծառի կանաչ սաղարթը/:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ և 96–րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Արսեն Մանուկյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2018 թվականի հունիսի 4-ի թիվ Մ 4234 դիմումը մերժել:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ