«Արի տուն-2017» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին

13.07.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները պարբերաբար հանդիպումներ են ունենում «Արի տուն-2017» ծրագրի շրջանակում երևանյան ընտանիքներում հյուրընկալված սփյուռքահայ պատանիների հետ: 

Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանդիպել է վարչական շրջանի հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչների և սփյուռքահայ պատանիների հետ: Ողջունելով հյուրերին` Արմեն Ուլիխանյանը նշել է, որ «Արի տուն» ծրագիրն իսկապես մեծ դերակատարում ունի հայրենաճանաչության ու հայապահպանման գործում, և հույս է հայտնել, որ ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատանիները հետագայում էլ ավելի կամրապնդեն կապերը մայր հայրենիքի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատանիներն իրենց հերթին նշել են, որ հյուրընկալ ընտանիքներն իրենց մեծ ջերմությամբ ու հոգատարությամբ են շրջապատել, ինչն, անշուշտ, անհետևանք չի կարող մնալ: Նրանք նաև վստահեցրել են, որ Երևանում գտնվելու օրերն անցնում են իսկապես հագեցած ու բովանդակալից և, որ համայն հայության մայրաքաղաքից ստացած ջերմությունն ու տպավորություններն ընդմիշտ մնալու են իրենց հուշերում:
Հանդիպման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը նաև հուշանվերներ է փոխանցել պատանիներին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին