Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

04.11.2017

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Կասկածից վեր է, որ մեր հասարակության առավել խոցելի և զգայուն խավերի կողքին մշտապես լինելու ձեզ վերապահված առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու:
Ձեր ամենօրյա ուշադրության և խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն ինչպես Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները, այնպես էլ ծնողազուրկները, բազմազավակ ընտանիքներն ու հայրենիք վերադարձած սիրիահայերը։
Ձեր ոչ դյուրին աշխատանքում հաճախ հաղթահարում եք նաև բազմաթիվ դժվարություններ, որ կարողանաք լիարժեք օգտակար լինել բոլոր այն մարդկանց, որոնց իսկապես կարևոր և անհրաժեշտ է մասնագիտական ձեր աջակցությունը: Եվ վստահ եմ, որ դուք նույն նվիրումով և պատրաստակամությամբ, բարեխիղճ և հոգատար աշխատանքով շարունակելու եք իրականացնել ձեր պատվաբեր առաքելությունը, ինչը, համոզվա՛ծ եղեք, որ միշտ բարձր է գնահատվելու բոլորիս կողմից:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ