Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն

09.03.2017

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Պատասխանատուները նշել են, որ Փարիզի տարբեր հատվածներում տեղադրված տեսահսկման և անվտանգության այլ համակարգերի կիրառման միջոցով քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները շուրջօրյա հսկողություն են իրականացնում, ինչը կարևոր դերակատարում ունի Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի անվտանգության ապահովման հարցում: Նշվել է նաև, որ հաճախ կենտրոնի աշխատանքներին մասնակիցն են դառնում ինչպես Փարիզի քաղաքապետը, այնպես էլ քաղաքապետի տեղակալները, քաղաքային տարբեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները: 

Շնորհակալություն հայտնելով կենտրոնի գործունեությունը ներկայացնելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երևանում ևս գործում է տեսահսկման համակարգ, և ընդգծել, որ այն իսկապես լավ գործիք է՝ քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը լայն հնարավորություն է ընձեռում մի շարք ոլորտներում կառավարումն ավելի արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար: Հաշվի առնելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված բազմոլորտ համագործակցությունը՝ կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել նաև այս ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն
Տեսնել ավելին