Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ կընդլայնի գործակցության ծրագրերը

04.04.2024

Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են ենթակառուցվածների զարգացմանը: ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանն ու Սարգիս Մադաթյանն անդրադարձել են Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի երկրորդ փուլին, որով նախատեսվում է Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածի կառուցումը, և նախանշել առաջիկա անելիքները: 
Որպես դիտարկվող նախագծեր՝ առանձնացվել է Թբիլիսյան-Եղվարդի խճուղիներ, Օդանավակայանի այլընտրանքային նոր ճանապարհահատվածների կառուցումը, որոնք էականորեն կբեռնաթափեն քաղաքի կենտրոնի երթևեկությունը, ինչպես նաև «Էլեկտրոնային շարժունակության» ծրագիրը:
Կարևորելով առկա գործընկերային կապերը՝ զրուցակիցները նկատել են, որ առկա է մեծ հնարավորություն՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու, ինչպես նաև այդ նպատակին տեխնիկական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

Լուսանկարներ

Տեսնել ավելին