«Համով հոտով Երևան» փառատոնը նպաստում է միջոցառումային տուրիզմի զարգացմանը մայրաքաղաքում

08.06.2018

«Երևանյան ամառ-2018» միջոցառումների ծրագրի շրջանակում հունիսի 10-ին նախատեսված «Համով հոտով Երևան» հայկական խոհանոցի 4-րդ փառատոնին են անդրադարձել «Արմենպրեսի» սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է նման փառատոների կազմակերպումը, որոնք նպաստում են միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը: Հրավիրելով բոլորին ներկա գտնվել «Համով հոտով Երևան» փառատոնին՝ Գևորգ Օրբելյանը տեղեկացրել է, որ այս տարի նաև անցկացվելու է երևանյան թեմատիկայով ուտեստի մրցույթ: Նախատեսված են նաև մրցույթներ՝ «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար», «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար» անվանակարգերով:
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշել է, որ 26 տաղավարում կներկայացվեն Ամանորից մինչև Խաչվերաց հայկական 13 տոների հետ կապված 60-ից ավելի բազմապիսի ուտեստներ:
Նշենք նաև, որ «Համով Հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով իրականացվող զբոսաշրջային բաղադրիչ ունեցող փառատոներից մեկն է, որն իրականացվում է տուրիզմի բաժնի կողմից 2015թ.-ից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ