Հանձնարարվել է հատուկ հսկողության տակ պահել պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման կատարումը

05.04.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է Կարապի լճի հարակից մայթերի կանաչապատումն ու բարեկարգումը, ինչպես նաև տնտեսվարողների կողմից մայրաքաղաքի զբոսայգիների և ընդհանուր օգտագործման տարածքների մաքրումը: Հանձնարարվել է վերոնշյալ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում՝ հատուկ հսկողության տակ պահելով Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման պահանջների կատարումը:
Մայրաքաղաքի շատրվանների և ցայտաղբյուրների գործարկման ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները կգործարկվեն Մայրության և գեղեցկության տոնին` ապրիլի 7-ին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ