Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Էրեբունի վարչական շրջանում ընթացող միջոցառումներին

14.10.2017

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում աշխույժ հարթակի էր վերածվել Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը: Տեղադրված շուրջ 100 տաղավարներում հայկական ու ավանդական ցուցահանդես-վաճառք էր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաք այցելած պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել ու շնորհավորել է տոնախմբող երևանցիներին, նաև ծանոթացել է փողոցի ողջ երկայնքով ներկայացված ժողովրդական արվեստի գործերին, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններին: 

Իրենց գոհունակությունը փոխանցելով Երևանի տոնը մեծ տոնախմբության վերածելուն նպաստելու համար` բնակիչները շնորհավորել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ և վստահեցրել, որ Սիրո քաղաքի տոնին մասնակցում են իսկապես մեծ սիրով ու շարունակելու են տոնախմբել մինչև ուշ գիշեր:
Էրեբունի փողոցի մի հատվածում էլ Երևանի տոնին միացած դարբինները յուրովի անակնկալ են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նրան նվիրելով իրենց ձեռքով պատրաստած հուշանվերը: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի տոնի առթիվ շնորհավորել է բոլորին՝ մաղթելով անսպառ ուժ, եռանդ և բարեկեցություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Գլենդելի և Դոնի Ռոստովի քաղաքապետերին դարբինները նվիրել են իրենց ձեռքով պատրաստած նռներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին