Տարոն Մարգարյան. «Արդեն այսօրվանից պլանավորեք հաջորդ տարվա ծաղկային ձևավորման աշխատանքները»

06.11.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նոյեմբերի 11-ի ծառատունկ-շաբաթօրյակին հաջորդելու է վարդակակաչների սոխուկների տունկը: 

Հաշվի առնելով, որ հաջորդ տարին մայրաքաղաքի համար հոբելյանական է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը հանձնարարել է համագործակցելով Երևան քաղաքի գլխավոր դիզայների հետ, մայրաքաղաքի ծաղկային ձևավորման հարցում ցուցաբերել նորովի մոտեցումներ ու ստանալ ինքնատիպ լուծումներ:
«Հաջորդ տարին հոբելյանական է Երևանի համար, ըստ այդմ, կարևոր է, որ ծաղկային ձևավորման հարցում ևս ունենանք նոր և յուրովի մոտեցում: Հենց այսօրվանից պլանավորեք հաջորդ տարվա ծաղկային ձևավորման աշխատանքները, որպեսզի ապրիլ-մայիս ամիսներից արդեն իսկ տեսանելի լինեն նոր լուծումները: Նույն սկզբունքով առաջնորդվեք նաև ծաղկապատման ենթակա բոլոր տարածքների մասով: Այս հարցում սերտորեն համագործակցեք վարչական շրջանների ղեկավարների հետ, որպեսզի պատշաճ տեսք և նոր շունչ հաղորդենք ամբողջ քաղաքին», - նշել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Տարոն Մարգարյան. «Արդեն այսօրվանից պլանավորեք հաջորդ տարվա ծաղկային ձևավորման աշխատանքները»