Տարոն Մարգարյան. «Բացօթյա սրճարանների գործունեությունը չպետք է խոչընդոտի հետիոտնի տեղաշարժին»

10.07.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները: Խստորեն հետևեք, որ տնտեսվարողները չգերազանցեն իրենց գործունեության համար հատկացված տարածքների սահմաններն ու այդպիսով խոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղաշարժը: Սա անթույլատրելի է», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչություններին, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալները իրենց աշխատանքները կազմակերպեն բացառապես հատկացված տարածքներում:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ