Տարոն Մարգարյան. «Երևանի ամանորյա ձևավորման հարցում պետք է ցուցաբերվի միասնական մոտեցում»

06.11.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման նախապատրաստման ուղղությամբ: Նշվել է, որ առաջիկա օրերին կավարտվի ամանորյա արտաքին ձևավորման առկա գույքի և պարագաների գույքագրումը, զուգահեռաբար կամփոփվեն հնարավոր նոր լուծումների վերաբերյալ ներկայացված առաջարկները: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունուն, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և ամանորյա ձևավորման հարցում ցուցաբերել միասնական մոտեցում:
«Քաղաքի ամանորյա տոնական ձևավորման հարցում պետք է ցուցաբերվի միասնական մոտեցում: Ընդ որում, այս հարցում սերտորեն համագործակցեք նաև մասնավոր հատվածի հետ, ովքեր հատկապես վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ պատրաստակամությամբ են ներգրավվում տոնական ձևավորման աշխատանքներում: Նման պատրաստակամությունն, անշուշտ, պետք է խրախուսվի:
Ըստ այդմ, շահագրգիռ բոլոր տնտեսվարողներին օժանդակեք մասնագիտական խորհուրդներով, ինչի արդյունքում կունենանք մայրաքաղաքի միասնական տոնական տեսք: Սա ևս մեկ կարևոր քայլ կլինի Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ