Վերակառուցումից հետո Երևանի հ. 48 մանկապարտեզը վերաբացվել է

29.05.2023
Կրթություն

Վերակառուցումից հետո դռներն է բացել Երևանի հ. 48 մանկապարտեզը: Կրթահամալիրը հիմնանորոգվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: 
Աջափնյակում գտնվող մանկապարտեզի նոր պայմաններին ծանոթացել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մացեյ Չուրան, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության փոխտնօրեն Էվա Մանիկը, ՀՀ-ում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, քաղաքապետարանի և վարչական շրջանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:
«Երևանի քաղաքապետարանը ոչ միայն շարունակական է դարձրել այս ծրագիրը, այլև նույն տրամաբանությամբ սկսել է կազմակերպել ավելի մեծ քանակի մանկապարտեզների հիմնանորոգումներ: Այս ծրագրերը մեզ հնարավորություն են տալիս նաև ավելացնելու մանկապարտեզներում խմբերի քանակը և օգտագործել նախկինում չօգտագործվող տարածքները:  Միայն այս տարի ունենալու ենք նվազագույնը 23 հիմանորոգված մանկապարտեզ, որոնք կլինեն նաև էներգաարդյունավետ և բարեկարգ բակերով»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:
«Կարծում եմ, հրաշալի և կարևոր ծրագիր է հատկապես սեյսմակայուն և էներգետիկ անվտանգ միջավայրի  ստեղծման առումով: Երբ տեսնում եմ երեխաներին այսքան գեղեցիկ վերանորոգված մանկապարտեզում, անշուշտ, շատ եմ ուրախանում: Սա ավելի լավ պայմաններում կրթություն ստանալու հնարավորություն է: Դրա համար ուշադրության կենտրոնում են մանկապարտեզների շենքերը: Պետք է շրջակա միջավայրի պահպանության համար անենք ավելին և ստեղծենք ապահով պայմաններ երեխաների համար»,-նշել է ԵՄ դեսպանը: 
Շինարարությունն սկսել էր դեռևս 2021 թվականին: Շենքն առաջնահերթորեն  ամրացվել է սեյսմիկ տեսակետից, ապա ամբողջությամբ ջերմամակուսացվել ու հիմնանորոգվել: Փոխարինվել են պատուհաններն և դռները, անցկացվել օդափոխության համակարգ, ինչը նախկինում երբևէ չի եղել: 
Աշխատանքների ընթացքում լուծվել է ևս մեկ կարևոր խնդիր՝ ամբողջությամբ փոխվել են մանկապարտեզ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, նաև էլեկտրասնուցման մալուխները:  
Մանկապարտեզի տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, իսկ շենքն այսուհետ ունի նաև արևային ջրատաքացուցիչ:  էներգախնայողությունից բացի ծրագիրը կնպաստի նաև  ածխաթթու գազի արտանետումների նվազմանը: 
Հիմնանորոգման շնորհիվ բացվել են մանկապարտեզի տասնամյակներով փակ, չօգտագործվող տարածքների դռները. նախկինում 4 խմբով ու 100 սանով գործող նախակրթարանն արդեն կարող է ընդունել 12 խումբ՝ 360 երեխայով: 
15 մլն եվրո արժողությամբ ծրագրում ներառված է 15 մանկապարտեզ: Այն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության դրամաշնորհային միջոցներով, որի ամենամեծ ներդրողն է Եվրամիությունը: Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը ֆինանսավորովում է նաև համայնքային բյուջեից: ՄԱԶԾ-ի միջոցով առանձին դրամաշնորհ է տրամադրել Կանաչ կլիմայի հիմնադրամը: 
«Իսկապես, շատ ուրախ եմ, որ վերակառուցումից հետո այսպիսի փոփոխություններ ենք տեսնում: Մեզ համար կարևոր է այս ամենի մի մասը դառնալը: էներգախնայողության ծրագիրը, կարծում եմ, մեծ ներդրում կլինի կրթօջախի կյանքում» ,- նշել է  Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության փոխտնօրեն Էվա Մանիկը: 
«Մանկապարտեզում եղել եմ նաև մինչև վերանորոգումը: Տարբերությունն ակնհայտ է:  Գումարը ծախսվել է նպատակային: Աշխարհում կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք փաստում են, որ էներգախնայողությունը կարող է փրկել աշխարհը, իսկ Շվեդիան դեռևս 2009 թվականից այս ծրագրի նախաձեռնողներից էր: Մենք միտված ենք շարունակել այդպիսի ծրագրերի իրագործումը», - նշել է Շվեդիայի դեսպանը:
«Մեծ ոգևորություն եմ ապրում, տեսնելով շենքն արդեն վերանորգված, որի գլխավոր շահառուները քաղաքի փոքրիկ բնակիչներն են: էներգախնայողությունը ոչ միայն  տեղային, այլև ընդհանրական խնդիր է: Այս ուղղությամբ մենք համապարփակ ծրագրեր ենք իրականացնում՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները:  Մանկապարտեզների հիմնանորոգումը մեզ համար եղել է առաջնահերթությունների թվում:  Կարծում եմ, որ համագործակցությունը լինելու է շարունակական նաև այլ ոլորտներում»,- նշել է Մացեյ Չուրան:
Համայնքն իր փոքր բնակիչների առջև ստանձնել է պարտավորություն՝ ապահովելու որակյալ կրթություն. առաջին քայլով բարելավվում են պայմաններն ու հարմարավետ դարձնում երեխաների առօրյան: 
«Հաջորդ տարի մենք նախատեսում ենք ունենալ 33  հիմնանորոգված մանկապարտեզ և 2025 թվականին ունենալու ենք ևս 35-ը: Բացի այդ, կառուցվելու է 4 մանկապարտեզ:  Երևանում  հիմնանորոգման կարիք ունեցող մանկապարտեզներ այլևս չենք ունենա: Սա, կարծում եմ, ամենկարևոր արձանագրումն է, որ պետք է անենք 2025թ. ավարտին: Առհասարակ, մեր երեխաներն արժանի են լավ միջավայրում մեծանալու և կրթություն ստանալու»,-նշում է Տիգրան Ավինյանը: 
 

Տեսանյութ

Վերակառուցումից հետո Երևանի հ. 48 մանկապարտեզը վերաբացվել է
Տեսնել ավելին