Առևտուր և սպասարկում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության 2012թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով տարվա  ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.

                                Բացօթյա  առևտրի  կանոնակարգում

 <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի պահանջների կատարման հսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով վարչության, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ կազմակերպվել են բազմաթիվ շրջայցեր, որոնց արդյունքում  գյուղմթերքների, լցնովի պաղպաղակի, ոչ գործարանային փաթեթավորմամբ զովացուցիչ ջրերի և այլ մթերքների, սգո պարագաների, շինանյութերի բացօթյա առևտրի արգելման ծավալուն միջոցառումներ են իրականացվել Երևանի բոլոր փողոցներում ու պողոտաներում, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բակերում։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանում փողոցներում և պողոտաներում հիմնականում իրականացվում է միայն <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքով բացօթյա առևտրի համար թույլատրվող ապրանքների վաճառք, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսելը բացառելու նպատակով։ Առևտուրը կանոնակարգվել է նաև Երևանի գետնանցումներում։
Կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։ Ծաղիկների բացօթյա առևտուրը հիմնականում բաց տաղավարներում է։
Շրջայցերի ընթացքում փողոցների և պողոտաների մայթերից տեղահանվել են առանց թույլտվության տեղադրված պաղպաղակի և զովացուցիչ ջրերի վաճառքի համար նախատեսված մեծ թվով սառնարաններ և ծաղիկների վաճառքի համար նախատեսված բաց տաղավարներ։
Մասնավոր ներդրումների հաշվին Արաբկիր, Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն և Ավան վարչական շրջաններում կառուցվել է գյուղատնտեսական արտադրանքի փոքրածավալ մեկական շուկա։
Կասյան փողոցում, Խորենացի,  Ագաթանգեղոս փողոցներով  և Տիգրան Մեծ պողոտայով պարփակված տարածքում և Ահարոնյան 10/5 հասցեում կազմակերպվել են գյուղմթերքի բացօթյա շուկաներ, որտեղ առևտուր են անում միայն գյուղմթերք արտադրողները։





Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ Մաշտոցի պողոտայում կազմակերպվել է գրքերի ցուցահանդես-վաճառք։
Սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների վաճառքի՝ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու նկատառումով (բացօթյա առևտրի արգելում, ցուցափեղկերի վարագուրապատում կամ մգացում) հսկողություն է իրականացվել նշված գործունեությամբ զբաղվող բոլոր օբյեկտների նկատմամբ, օրենքը խախտողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
Երևանում գործող ավտոկայանատեղիների գործունեության նկատմամբ իրականացված հսկողությամբ արգելվել է ապօրինի 300 ավտոկայատեղիների գործունեությունը։ Բացահայտվել են պայմանագրերով սահմանված տարածքներից ավել օգտագործման բազմաթիվ դեպքեր։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերացվել են անօրինակությունները և կնքվել  նոր պայմանագրեր։

Հսկողություն վարչական իրավախախտումների նկատմամբ

 Տարվա ընթացքում վարչության կողմից հետևողական աշխատանքներ են տարվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ, 162-րդ  169.16-րդ և 180-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումները հայտնաբերելու, արձանագրություններ կազմելու նպատակով։
2012թ. վարչական շրջաններում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում խախտումների համար կազմված վարչական իրավախախտումների  վերաբերյալ արձանագրությունների ընդհանուր թիվը 3396 է, որից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածով՝ 545, 162-րդ հոդվածով՝ 2134,  169.16-րդ հոդվածով՝ 707, 180-րդ հոդվածով՝ 8։
Տարվա ընթացքում վարչական շրջաններում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով նշանակված տուգանքների չափը կազմել է 90.6 մլն դրամ։ 2012թ. նախորդ տարվա համեմատ հսկողություն իրականացված օբյեկտների թիվը ավելացել է 439-ով, հսկողության հետևանքով կազմված արձանագրությունների թիվը՝  1128-ով կամ 1.6 անգամ ավելի, վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքների     չափը՝ 55.2 մլն դրամով կամ 2.6 անգամ ավելի։
Առևտրի և սպասարկումների վարչության հսկողության արդյունքում խախտումների համար կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների թիվը եղել է 1661 կամ նախորդ տարվանից 704-ով ավելի, որից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածով՝ 317, 162-րդ հոդվածով՝ 958,  169.16-րդ հոդվածով՝ 379, 180-րդ հոդվածով՝ 5, նշանակված տուգանքների չափը կազմել է 55.3 մլն դրամ կամ նախորդ տարվանից 3.4 անգամ        ավելի։




ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածին համապատասխան` ժամը 22:00-ից հետո երաժշտության և աղմուկի ուժգնության նորմերի խախտմանը վերաբերող դիմում-բողոքների կամ ահազանգերի կապակցությամբ ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են կազմակերպվել  Մյասնիկյան,  Իսահակյան, Լենինգրադյան, Մարգարյան, Կողբացի,  Սայաթ-Նովայի, Մաշտոցի, Տիգրան Մեծի և այլ փողոցներում   ու    պողոտաներում  և միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումներն ու թերությունները    վերացնելու համար։
Վարչությունն ուսումնասիրել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու  թույլտվությունների, տեղական տուրքերը վճարելու առկայությունը և դրանց բացակայության դեպքում միջոցներ են ձեռնարկվել թույլտվություններ ձեռք բերելու և համապատասխան տեղական տուրքերը վճարելու ուղղությամբ։ Վերոհիշյալ օբյեկտների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով   վարչությունում ստեղծված էլեկտրոնային շտեմարանում պարբերաբար ճշտվում են տվյալներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մեծացել է ինչպես թույլտվությունների թիվը, այնպես էլ համայնքի բյուջե մուտք արված տեղական տուրքերի չափը։


Այսպես, 2012թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ առևտրի և սպասարկման ոլորտի գծով  համայնքի բյուջե մուտք եղած տեղական տուրքերի գումարի աճը եղել է 19.8 % կամ մուտք է եղել 112.3 մլն դրամ ավելի գումար։ 2012թ. նախատեսված 577.8 մլն դրամի դիմաց մուտք է եղել 678.3 մլն դրամի չափով տեղական տուրքերի գումար կամ պլանը կատարվել է 117.4 %-ով (ավել է մուտք եղել 100.5 մլն դրամ)։
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել նաև առևտրի օբյեկտներում ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու և համապատասխան արձանագրություններ կազմելու նպատակով։ Տարվա ընթացքում կազմվել է  ժամկետանց ապրանքների վաճառքին վերաբերող 233 արձանագրություն։

Օրենսդրական դաշտի ապահովում և կատարելագործում

 Վարչության կողմից աշխատանքներ են տարվել նաև 2012թ.  ծրագրով նախատեսված առևտրի և սպասարկման ոլորտի օրենսդրությունը կատարելագործելու նպատակով։ Մշակվել են <<Առևտրի և ծառայությունների մասին>><<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, ՀՀ օրենքներում, ՀՀ   վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նոր առաջարկներ, դրանք ներկայացվել են  ՀՀ կառավարություն, որոնց հիման վրա վերոհիշյալ  օրենքներում և օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
Անհրաժեշտ հսկողություն է իրականացվել նաև թափառող կենդանիների վնասազերծման նկատմամբ։ 2012թ. ընթացքում <<Յունիգրաֆ-Իքս>> ՍՊԸ-ն վնասազերծել,  ամլացրել և քնեցրել է  թափառող 46089 կենդանի։ Երևանում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնների 4-րդ գլխի 24-րդ կետի 1-ին մասի համաձայն, Երևանի քաղաքապետի 2012թ.  մարտի 30-ի հ. 2912-Ն որոշմամբ սահմանվել է ագրեսիվ շների ցանկը։
2012թ. վարչությունում ստացվել է քաղաքացիների 245 դիմում-բողոք, քաղաքապետարանի ստորաբաժանումներից և տարբեր կազմակերպություններից՝ 1749 նամակներ ու գրություններ, որոնք հիմնականում եղել են առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներում առաջացած աղմուկի հետևանքով բնակիչների հանգիստը և անդորրը խանգարելու, ապօրինի կրպակների և տաղավարների առկայության ու դրանց կազմաքանդման, բացօթյա առևտուրի, կրպակներ, տաղավարներ տեղադրելու համար թույլտվություններ տալու, թափառող կենդանիների կողմից քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, ավտոկայատեղերի գործունեություն կազմակերպելու, բացօթյա ապօրինի առևտրի, վարչական իրավախախտումների և այլ բնույթի խնդիրների վերաբերյալ։ Վարչության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քաղաքացիների դիմում-բողոքներում արծարծված անօրինականությունները հիմնականում վերացվել են։
Առևտրի և սպասարկումների վարչության կողմից ոլորտի վերաբերյալ  հարցազրույցներ են տրվել գրեթե բոլոր  հեռուստաընկերություններին, հանրային ռադիոյին և այլ լրատվամիջոցների։

2013թ. նախատեսվող ծրագրային միջոցառումներ



2013թ. առաջարկներ կներկայացվեն առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրությունը կատարելագործելու նպատակով։
Կներկայացվեն օրենսդրական առաջարկներ` ուղղված շրջիկ առևտրի կանոնակարգմանը։
Առևտրի և ծառայությունների ոլորտում կիրականացվի համակարգված և արդյունավետ հսկողություն։
Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից խմիչքների,  ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի  սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու  թույլտվություն տալու, տեղական տուրքերի վճարների առումով կիրականացվի անհրաժեշտ հսկողություն։
Անհրաժեշտ հսկողություն կսահմանվի և կկանոնակարգվի բացօթյա առևտուրը։
Մայրաքաղաքում գյուղմթերքի առևտուրը կանոնակարգելու նպատակով  կշարունակվի վարչական շրջաններում շաբաթ, կիրակի և տոնական օրերին գյուղատնտեսական արտադրանքի, սպառողական ապրանքների շուկաների,  տոնավաճառների կազմակերպման գործընթացը, կորոշվեն դրանց տեղակայման վայրերը և կներկայացվեն առաջարկներ։
Մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով կորոշվեն դրանց տեղակայման վայրերը, կմշակվի քաղաքաշինական փաթեթ։
Պարբերաբար միջոցառումներ կիրականացվեն առևտրի օբյեկտներում պիտանության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու և արգելելու ուղղությամբ։
Երևանի ավտոկայանատեղիների գործունեության նկատմամբ հսկողությունն ուղղված է լինելու պայմանագրերով սահմանված տարածքներից ավելին օգտագործելու փաստերի բացահայտմանը և անօրինակությունների բացառմանը։
Մայրաքաղաքում հասարակական զուգարանների խնդիրը կարգավորելու նպատակով ևս նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների։ Կմշակվի քաղաքաշինական փաթեթ և կառուցապատողներին կտրվի ծրագրային փաթեթների օտարում՝ աճուրդային կամ բաց ընթացակարգով։
Երևանում կենդանիների շուկաներ կառուցելու նպատակով կկատարվեն ուսումնասիրություններ և կորոշվեն դրանց  տեղակայման  վայրերը։
Անհրաժեշտ հսկողություն կսահմանվի թափառող կենդանիների վնասազերծման նկատմամբ։
Կմշակվեն ոլորտի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, ինչպես նաև համապատասխան օրենսդրություն ձևավորելու նպատակով կներկայացվեն առաջարկներ (<<Կենդանիների մասին>>, <<Կենդանիների պաշտպանության մասին>> օրենքների նախագծեր մշակելու նպատակով)։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առևտրի և սպասարկումների վարչություն

Share |
Քաղաքային տնտեսություն