Երեխաների իրավունքների պաշտպանություն

2012թ. բաժինը գործունեությունն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի 2012թ. աշխատանքային ծրագրին և բաժնի կանոնադրությանը համապատասխան։
Առաջնահերթ է համարվել դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների հիմնախնդիրների բացահայտումը և լուծումը: Բաժնի մասնագետներն իրականացրել են բազմաթիվ տնայցեր, ուսումնասիրել սոցիալապես անապահով ընտանիքների, տարբեր խնդիրներ ունեցող երեխաների կենսապայմանները, անհրաժեշտ մասնագիտական օգնություն տրամադրել, գնահատել նրանց կարիքները, կազմել անհատական վերականգնողական ծրագրեր և վերահսկել դրանց իրագործումը։
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնում հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 117 երեխա և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 8 անձ։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի փաստաթղթերը ներկայացվել է վարչական շրջան՝ որպես բնակարանի կարիք ունեցող անձ հաշվառման վերցնելու համար։
Ընտանիքներից, մանկատներից, խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության և համապատասխան փաստաթղթերի հիման վրա բաժնի կողմից 67 երեխայի տրվել է մանկատանը տեղավորելու եզրակացություն։ Ծնողների դիմումների հիման վրա 16 երեխայի տրվել է մանկատնից կենսաբանական ընտանիք վերադարձնելու եզրակացություն։
Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներից ստացված դիմումների ուսումնասիրությունից հետո 20 երեխա տեղավորվել է Երևանի  երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, դուրս է գրվել 17 երեխա։
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ աշխատանքի շնորհիվ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 70 ընտանիքի։
ՀՀ կառավարության 18.03.2010թ. հ. 269-Ն որոշման համաձայն ուսումնասիրվել են որդեգրել ցանկացող 33 քաղաքացու կենսապայմաններ, որոնց հիման վրա նախապատրաստվել և քաղաքապետարանի աշխատակազմի կողմից տրվել է 32 դրական և 1 բացասական եզրակացություն` երեխա որդեգրելու հնարավորության մասին։
Որպես որդեգրման ենթակա հաշվառվել է 43 երեխա, և որպես որդեգրողի թեկնածու՝ 72 քաղաքացի։
Որդեգրված երեխաների վերաբերյալ ստացված դատական վճիռների հիման վրա նշված երեխաները հանվել են հաշվառումից (թվով 36)։
ՀՀ կառավարության 08.05.2008թ. N 459-Ն որոշման համաձայն` բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա տրվել է 3 դրական եզրակացություն` խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին։ Նախապատրաստվել և Երևանի քաղաքապետի ստորագրմանն են ներկայացվել ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցները խնամատար ծնողին տրամադրելու մասին պայմանագրեր։



Բաժինը հետևողական աշխատանք է տարել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հայտնաբերելու, հաշվառելու և նրանց կարիքը վկայագրելու աշխատանքները կազմակերպելու նպատակով։ 2012թ. ընթացքում նախապատրաստվել, քաղաքապետի հաստատմանը ներկայացվել և երեխաների օրինական ներկայացուցիչներին է հանձնվել կրթության առանձնահատուկ կարիքի առկայության մասին 1057 վկայագիր։ Նշված աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով բաժինը համագործակցել է Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների, հատուկ դպրոցների, Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի մասնագետների և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ։
Վկայագրված երեխաների անհատական ուսումնական պլաններն ուսումնասիրելու, համապատասխան մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով պարբերաբար այցեր են եղել հատուկ և ներառական դպրոցներ։              
Աշխատանք է կատարվել նաև Երևանում մուրացիկ, թափառաշրջիկ երեխաներին հայտնաբերելու, անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու նպատակով։
Հաշվի առնելով ծնողի դիմումը և հիմք ընդունելով համայնքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների կողմից ստացված տեղեկատվությունը՝ բաժինը վարքային խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվել է տեղեկանք ԿԴԻԳ (կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող) երեխաների շտեմարանում հաշվառված լինելու մասին, որի հիման վրա երեխաներն ընդունվել են հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիր։
Աշխատանքներ են տարվել կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և նրանց կրթության համակարգում ընդգրկելու նպատակով։ Առանձին ահազանգերի և դիմումների հիման վրա կատարվել են այցեր հանրակացարաններում, ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներ, և դպրոց չհաճախող 10 երեխա ընդգրկվել է կրթական համակարգում և շարունակել  ուսումը։
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում կազմակերպվել են <<Ծնողավարման հմտություններ>> թեմայով սեմինարներ հաստատությունում գտնվող երեխաների ծնողների համար։
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2012թ. տարեկան ծրագրով  բաժնի կողմից իրականացվել են բազմաթիվ առողջապահական և մշակութային միջոցառումներ։



Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. մայիսի 20-ի N 19 և հունիսի 17-ի N 23 նիստերի արձանագրություններով հավանության արժանացած Գենդերային ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրերից բխող պահանջների կատարումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանում 2011թ.-ից ստեղծվել և գործում է գենդերային հարցերով հանձնաժողով։
<<Ընդդեմ գենդերային բռնության>> և <<Գենդերային քաղաքականության>> 2012թ. միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գենդերային խնդիրներով հանձնաժողովների գործունեության մասին տեղեկատվությունը պատրաստվել և ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Բաժինը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գենդերային խնդիրներով հանձնաժողովների անդամների մասնակցությունը <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա>> հասարակական կազմակերպության կողմից անցկացվող <<Կանանց լիդերության դպրոց>> երկամսյա դասընթացներին։
Երևանում գենդերային քաղաքականության ապահովման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության հետ համատեղ վարչական շրջանների գենդերային հանձնաժողովների համար կազմակերպվել է հանդիպում-քննարկում գենդերային քաղաքականության, գենդերային՝ ներառյալ ընտանեկան, բռնության առանձնահատկությունները մեր երկրում, ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված կարևոր դրույթների, գենդերային բռնության կանխման, կանխարգելման, ճանաչման, ուղղորդման անրաժեշտ ընթացակարգերի հստակեցման, համալրման աշխատանքների վերաբերյալ։
Բաժինըհամագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, առողջապահության, արդարադատության նախարարությունների, ՀՀ ոստիկանության Երևանի տարածքային բաժինների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, մի շարք հասարակական և միջազգային բարեգործական  կազմակերպությունների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող այլ կառույցների հետ։



Երեխաների պաշտպանության խնդիրների առնչությամբ բաժինը <<Սեյվ դը չիլդրեն>>, <<Վորլդ Վիժն>> կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է մի շարք միջոցառումներ, սեմինարներ, կլոր սեղաններ։
Բաժնի մասնագետները հաշվետու ժամանակաշրջանում պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացների, գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, այդ թվում՝
  • <<Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգի առաջքաշումը Հայաստանում>> ծրագրով կազմակերպված կոնֆերանսին։
  • <<Հայաստանի Հելսինկյան կոմիտե>> իրավապաշտպան հասարակական կազմակերպության անցկացրած <<Կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունը>> թեմայով հանդիպմանը։
  • <<Գենդերային բյուջետավորում>> թեմայով շահագրգիռ գերատեսչությունների մասնագետների համար կազմակերպված սեմինար-հանդիպմանը։
  • <<Վորլդ Վիժն>> միջազգային բարեգործական կազմակերպության կողմից <<Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման>> ծրագրով աշխատաժողովներին։
  • <<Վորլդ Վիժն>>-ի <<Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում>> ծրագրով <<Իրականություն և հեռանկարներ>> խորագրով խորհրդաժողովին։
Բաժնի մասնագետները պարբերաբար մասնակցել են վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին՝ գործնական և մեթոդական օգնություն ցուցաբերել նրանց։
Պատրաստել և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչություն է ներկայացվել բաժնի մասով Երևանի 2012թ. բյուջեի նախագծում ներառված ծրագրերի անվանացանկը և եռամսյա բաշխումը։
Շարունակվել է աշխատանքները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Նորք>> տեղեկատվական վերլուծական կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Երևանում բնակվող, դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների վերաբերյալ տվյալների մուտքագրումը շտեմարան։
Բաժնի մասնագետները ճշտել են շտեմարանում հաշվառված երեխաների տվյալները և անհրաժեշտ այլ փոփոխություններ կատարել։
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնում մուտք է եղել 1350 դիմում և գրություն, որից 529-ը՝ դիմում քաղաքացիներից, որոնց բոլորին տրվել է համապատասխան ընթացք և սահմանված ժամկետներում պատասխան տրամադրվել։
Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպվել են ամենամսյա հանդիպում-քնննարկումներ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների խնդիրների, ինչպես նաև բաժնին հասցեագրված դիմում-բողոքները բազմակողմանիորեն ուսումնասիրելու նպատակով։
Բաժնի կողմից 2012թ. ընթացքում իրականացված միջոցառումներ.
1. Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՖՖ-ի աջակցությամբ կազմակերպվել է Երևան 11 հատուկ դպրոցների  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 77 երեխաների համար ֆուտբոլի մրցաշար՝ ուղղված երեխաների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը, հասարակությունում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ինտեգրմանը։
2. Կազմակերպվել է Երևանի ներառական կրթություն իրականացնող  դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների այցելությունը Երևանի պատմության թանգարան՝ պատմամշակութային արժեքներին և Երևանի քաղաքապետարան՝ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակթության վարչության և <<Վորլդ Վիժն>> միջազգային հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է <<Կյանքն առանց բռնության>> լուսանկարչական մրցույթ։
4. Երևանի քաղաքապետարանի ենթակայության երեք հատուկ դպրոցներում կազմակերպվել է ամանորյա միջոցառում՝ հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում երեխաներին տրվել են խրախուսական նվերներ և քաղցրավենիք։


Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Share |
Քաղաքային տնտեսություն