Պահոց

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

23.04.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը 2018թ. ապրիլի 23-ից մինչև 2018թ. մայիսի 11-ն իրականացնում է Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: 

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին (ք. Երևան, Արգիշտիի փող., հ. 1) ուղարկում է գրավոր դիմում՝ ներկայացնելով.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն.
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը և հաշվառման հասցեն: Եթե հաշվառման և բնակության վայրի հասցեները տարբեր են, ապա նշվում է նաև մշտական բնակության վայրի հասցեն.
3) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որին պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.
4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) և երկու լուսանկար (3x4 չափսի).
5) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային
փոստի հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (առկայության դեպքում).
6) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է ավելի պակաս ժամկետով:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:
Եթե ներկայացված դիմումը չի պարունակում թվարկված տեղեկություններն ամբողջությամբ, ապա Աշխատակազմը վերադարձնում է դիմումը՝ նշելով թույլ տրված թերությունը:
Թույլ տրված թերությունները վերացվելու և եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում դիմումն ընդունված է համարվում ներկայացնելու սկզբնական օրը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում (ՀՀ ԱԳՆ-ի կողմից), եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում կարող են հավատարմագվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված 1000 և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, ամսագրերի և շաբաթաթերթերի, օրական 2000 և ավելի այցելու (հավատարմագրման դիմումի օրվան նախորդող երեք ամիսներից մեկի (դիմողի ընտրությամբ) այցելությունների միջին ցուցանիշը) ունեցող և առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների և Երևան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները:
Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ:
Հավատարմագրումն իրականացվում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2018 թվականի մայիսի 10-ը:
Հավատարմագրման գործընթացի մանրամասներին դիմողները կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 19-ի N 1475-Լ որոշումից, որը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Քաղաքապետի որոշումներ» ենթաբաժնում:

 


Երևանի քաղաքապետարան