Պահոց

Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում ներգրավվելու մասին

07.11.2018

Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների (այսուհետ` Խորհուրդ) քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը:

Նշված կարգի 4-րդ կետի հիման վրա` Երևանի քաղաքապետին կից ձևավորվել և գործում է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդը:
Վերը նշված Խորհրդում թափուր տեղերը լրացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և այլ շահագրգիռ անձանց մասնակցելու վերը նշված Խորհրդի աշխատանքներին` դրա կազմում ընդգրկվելու միջոցով:
Խորհրդի կազմում ընդգրկվելու (Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու) համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2018 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդ որում`
ա) ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձնագրի պատճենը, բ) իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և, եթե Խորհրդի կազմում ցանկանում է ընդգրկվել իրավաբանական անձի գործադիր մարմինը (տնօրենը, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենը և այլն), ապա անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի այլ աշխատակցի դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշումից կամ զանգահարել (011) 514-227 հեռախոսահամարով:

 

Աշխատակազմի զարգացման և
ներդրումային ծրագրերի վարչություն