Պահոց

«Երևանյան ամառ 2018». օգոստոսի 4-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը

03.08.2018

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
օգոստոսի 4-ին, ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը:
Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնը բաղկացած է երկու հատվածից: Առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն է, որի շրջանակում թվով 18 տաղավարներում կներկայացվեն տարազներ, զարդանախշեր, գորգեր, տիկնիկներ և հայկական ավանդական տարրեր պարունակող այլ նմուշներ: Առանձին տաղավարներով կներկայանան նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներ և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոններ: Հանդիսատեսի համար ելույթ կունենան «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը և «Միլեն» պարային համույթը: Երկրորդ հատվածում իրենց արդի հավաքածուները կներկայացնեն դիզայներներ Լիլիթ Մելիքյանը, Գևորգ Շադոյանը և Սվետլանա Հակոբյանը:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն