Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.04.2021

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով, երկու տարի ժամկետով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի» (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում։

Խորհրդի հիմնական նպատակն է՝ աջակցել Երևան համայնքի սպորտի և առողջ ապրելակերպի քաղաքականության մշակմանը և խթանել այդ քաղաքականության թիրախային ու նպատակային իրականացմանը:

Խորհրդի հիմնական խնդիրն է՝ համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներգրավմամբ սպորտի և առողջ ապրելակերպի հանրային կարևորության խնդիրների վերհանումը, դրանց վերաբերյալ կարծիքի (առաջարկ, եզրակացություն) տրամադրումը Երևանի քաղաքապետին։


Խորհրդին կարող են անդամակցել 18 տարին լրացած բոլոր այն շահագրգիռ անձինք, ովքեր՝

- ունեն սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
- ակտիվ գործունեություն և ծրագրեր են իրականացնում սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում,
- տեղեկացված են սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտի մարտահրավերներին, զարգացումներին և միտումներին,
- պատրաստ են հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ Երևանում սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառի քաղաքականության իրականացման գործում։

Խորհրդին միանալու համար թեկնածուն պետք է 2021 թվականի ապրիլի 5-ից 16-ը՝ ժամը 10:00-ից 17:00 (ընդմիջում՝ 13:00-14:00-ը) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժին (հասցեն՝ Արգիշտի 1) ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. ինքնակենսագրական (CV),
3. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները,
4. դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
6. սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառի պետական պարգևների, վկայականների, հավաստագրերի պատճեն(ներ)ը (առկայության դեպքում),
7. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

Տեղեկացնում ենք, որ Խորհրդի կազմը սահմանափակ է, և վերջնական ընտրությունը կատարվում է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից՝ վերը նշված չափորոշիչների հիման վրա:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-396 հեռախոսահամարով կամ գրել sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին։