Պահոց

Հայտարարվում է «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթը

07.12.2017

Հարգելի՛ համաքաղաքացիներ,
մեկնարկել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները, որոնց անմիջական մասնակցություն կարող եք ունենալ նաև դուք` նպաստելով մեր մայրաքաղաքի տոնական տրամադրության ամբողջականացմանն ու գրավչության մեծացմանը:
Այդ նպատակով «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում հայտարարվում է «Ամանորի լավագույն ձևավորում 2018» մրցույթը, որին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև անհատ քաղաքացիներ՝ ներկայացնելով կազմակերպության մուտքի, ցուցափեղկերի, անհատ քաղաքացիների դեպքում՝ բակի, պատշգամբի ձևավորման աշխատանքները: Ամանորյա ձևավորումը պետք է լինի յուրօրինակ և շրջապատին ներդաշնակ: Ձևավորման մեջ խրախուսվում է արծաթագույն և ոսկեգույն երանգների օգտագործումը:
«Լավագույն ձևավորված կազմակերպություն», «Լավագույն ձևավորված բակ», «Լավագույն ձևավորված պատշգամբ» անվանակարգերով անցկացվող մրցույթին մասնակցելու համար ձևավորման աշխատանքը ներկայացնող լուսանկարը անհրաժեշտ է ուղարկել Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին /FB/yerevanmunicipality/՝ նշելով կազմակերպության տվյալները (հասցե, անվանում), անհատների դեպքում՝ անուն, ազգանուն, հասցե և կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։
Ձևավորումները պատկերող լուսանկարներն ու մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 25-ը: Մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը կկայանա 2018 թվականի հունվարին:
Տոնական ձևավորման լոգոտիպը, ձևավորման ուղեցույցը կարող եք ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Նոր տարին Երևանում 2018» բաժնից:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել վարչական շրջանների գովազդի բաժիններ, ինչպես նաև զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ 011-514-212, տուրիզմի բաժին՝ 011-514-230 հեռախոսահամարներով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն