ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ավանի տաճար (խոնարհված)

Ավանի տաճար (խոնարհված)
Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում` կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։ Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը: VI դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Բյուզանդիան ցանկանում էր քաղեդոնականություն (երկբնություն) տարածելով իր տիրապետությունն ամրապնդել Հայաստանում: Այդ նպատակով Մորիկ կայսեր հրամանով ստեղծվել էր  Ավանի  կաթողիկոսությունը` ի հակակշիռ Պարսկաստանի  տիրապետության տակ գտնվող Դվինի հայոց հայրապետական աթոռի: Ուստի այս տաճարում կաթողիկոս է ձեռնադրվել բյուզանդամետ Հովհան Բագարանցին (591-601թթ.): 602թ. պարսից Խոսրով  Երկրորդ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը: Տաճարի խոնարհման ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են պատերը՝ արևելյան կողմից ցածր, մյուս ճակատներում զգալի բարձրությամբ։ 
     Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 1940թ., հուշարձանների պահպանության պետական կոմիտեի կողմից` հուշարձանը հետազոտող Նիկոլայ Տոկարսկու ղեկավարությամբ։
     1968թ.  բարեկարգվել է տաճարի տարածքը, իսկ 1978թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը: Տաճարը ներկայումս կիսավեր վիճակում է: