ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետերի դաշնագիր

2014թ. սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի ավագանու N 204-Ա որոշմամբ Երևանը միացել է Եվրոպական Միության «Քաղաքապետների դաշնագիր» (Covenant of Mayors) նախաձեռնությանը, որի նպատակն է համայնքներում «կանաչ տնտեսական զարգացման» խրախուսումը, բնակիչների կյանքի որակի բարելավումը՝ ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ և վերականգնվող էներգետիկ պաշարների օգտագործմամբ:
Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր կերպով համաձայնվում են իրենց վարչական տարածքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչև 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխաթթու գազի (CO2) արտանետումները` համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների մակարդակի համեմատ:
Մասնակցությունը «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը համայնքներին հնարավորություն է ընձեռում ապահովել հետևյալ արդյունքները՝
- բարելավել շրջակա միջավայրը` նվազեցնելով ջերմոցային գազերի և այլ նյութերի արտանետումների մակարդակը,
- բացահայտել քաղաքային տնտեսության էներգասպառման հիմնական ոլորտները և գնահատել այդ ոլորտներում էներգախնայողության տեխնիկական և տնտեսական ներուժը,
- բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը,
- նպաստել քաղաքի մակարդակով էներգետիկ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը,
- մշակել և ըստ առաջնահերթության դասակարգել էներգախնայողությանն ուղղված միջոցառումները,
- նվազեցնել էներգասպառման հետ կապված ծախսերը:
Առ այսօր նախաձեռնությանը միացել են տարբեր երկրների շուրջ 6900 քաղաքներ: Դաշնագրին միացած հայաստանյան քաղաքներն են՝ Երևան, Ծաղկաձոր, Հրազդան, Ապարան, Սպիտակ, Վայք, Գյումրի, Արթիկ, Դիլիջան, Աշտարակ, Էջմիածին, Տաշիր, Վանաձոր։
Երևան քաղաքի ավագանու N 558-Ն որոշմամբ ս.թ. հունիսի 24-ին հաստատվել է Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»: