ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

2016 թ. կատարված աշխատանքներ

19.11.2016թ.

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող հերթական ընդունելությանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնակցում է նաև աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը։
Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

 

06.10.2016թ.

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Երևանի քաղաքի ավագանին տվեց իր համաձայնությունը զոհված զինծառայող Արթուր Կարապետյանի ընտանիքին, արվեստի գործիչներին և բազմազավակ ընտանիքին բնակարան նվիրաբերելու համար։ Այդ ամենը կատարվեց քաղաքամայր Երևանի 2798-րդ տարեդարձի նախաշեմին։

 

14.09.2016թ.

Վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման աշխատանքների ընթացքում ս.թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին որոշել է Շինարարների փողոցի 6/1 և 15 հասցեներում գտնվող նորակառույց շենքերից Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 6 բնակարան սեփականության իրավունքով անհատույց օտարել քանդման ենթակա Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքի։ Այդպիսով, ըստ էության, վերջնականապես լուծվել է վերը նշված վթարային շենքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդիրը: Խնդրիի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նշված ծրագիրը ոչ թե բնակարանային պայմանների բարելավման, այլ փոխհատուցման ծրագիր է և վթարային բնակարանների փոխարեն բնակիչներին տրամադրվել են համարժեք մակերեսով նոր բնակարաններ:

 

26.08.2016թ.

Երևանի քաղաքապետի հանձնարարականով շարունակվում են Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքային միավորների հայտանբերման, ուսումնասիրման, հաշվառման և կարգավիճակի հստակեցման աշխատանքները։

Սահմանված կարգով համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հայտանաբերումից և իրավունքի պետական գրանցումից հետո այդ գույքը հաշվառվում են Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքային միավորների հաշվառման բազայում։

 

25․07․2016թ․

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ներկայումս Երևանի Օղակաձև զբոսայգու ամբողջ տարածքով իրականացվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցված տարածքների գույքագրման, հաշվառման վարձակալության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ աշխատանքներ։
Կատարված աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի Երևանի քաղաքապետարանի վարձավճարների հաշվարկման էլեկտրոնային համակարգում ունենալ հստակ տեղեկատվություն օղակաձև զբոսայգու ամբողջ տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցված տարածքների համար սահմանված վարձավճարների վճարման վերաբերյալ։

 

17.06.2016

Սույն թվականի հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 47 շենքի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ:
Նախորդ հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում քննարկվում էին վերաբնակեցման հարցերը, քննարկումներից հետո բնակիչների մեծամասնությունը, բացառությամբ 3 բնակչի, որոնք, ըստ էության, կարգից դուրս պահանջ են ներկայացնում, կողմ էին արտահայտվել վերաբնակեցման առաջարկվող ծրագրին:
Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ վերը նշված 3 բնակիչների առաջադրած պահանջները կարող են շենքի մյուս բնակիչների վերաբնակեցումը երկարաձգելու պատճառ հանդիսանալ՝ որոշվեց մեկնարկել գործընթացը: Ըստ այդմ, քննարկվել են վերաբնակեցման, մասնավորապես, անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջացման և բնակիչների համար նախընտրելի բնակարանների հատկացման, այդ թվում՝ հարկաբաժինների ընտրության կարգին առնչվող հարցեր: Իսկ այն բնակիչների համար, ովքեր հրաժարվել են առաջարկվող վերաբնակեցման պայմաններից, լրացուցիչ առաջարկներ կներկայացվեն՝ հետագայում քննարկելու համար:

  

07.05.2016թ

Սույն թվականի մայիսի 6-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Երևանի Շինարարների փողոցի 35 հասցեում գտնվող շենքի 4-րդ կարգի վթարային շենքի 1-ին մուտքի բնակիչների հետ: Այդ մուտքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնության, վերաբնակեցման ենթակա շենքերի ցանկում: Հանդիպման ժամանակ բնակիչներին հանձնվեցին նոր բնակարանների հատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: 

Հանդիպման ընթացքում բնակիչները տեղեկացվել են, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, մուտքն ամբողջությամբ փակվելու է և անհրաժեշտ է, որ սահմանված ժամանակահատվածում բնակիչները ազատեն վթարային մուտքում զբաղեցրած բնակարանները:
Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ խնդրին հետամուտ լինելու և վերաբնակեցման ծրագիրը կյանքի կոչելու համար:

 

18.04.2016

Ինչպես արդեն տեղակացրել էինք մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտա հ.47 հասցեում գտնվող 4-րդ ստիճանի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման աշխատանքները գտնվում են քննարկման փուլում։
Սույն թվականի ապրիլի 18-ին տեղի ունեցավ հանդիպում մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ։ Բնակիչները վերաբնակեցման գործընթացի հետ կապված հայտնեցին իրենց կարծիքներն ու առաջարկները:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է վերաբնակեցման ընթացակարգը, քաղաքապետարանի կողմից այդ նպատակով կառուցված շենքերը, ուր և նախատեսվում է վերաբնակեցնել Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի բնակիչներին:
Հանդիպման ընթացքում բնակիչների մեծամասնությունը կողմ է արտահայտվել վերաբնակեցման ծրագրով նշված հասցեներում հատկացվող բնակարաններ տեղափոխվելուն: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների համաձայն առաջիկայում փաստաթղթային կարգավորումներից հետո կմեկնարկի վերաբնակեցման բուն գործընթացը:
Հարկ է նշել, որ Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված է 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում և, ըստ էության, ներկայում վերաբնակեցման ենթակա վերջին շենքն է:

 

11.02.2016

2016թ. փետրվարի 9-ին Երևան քաղաքի ավագնին միաձայն կողմ քվեարկեց գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցուն անհատույց օգտագործման իրավունքով բնակարան տրամադրելու համար։ Անհրաժետ է նաև նշել, որ Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի ու մինչ օրս նրա ընտանիքը բնակվել է նույն այդ տարածքում։ Լուսիկ Ագուլեցին բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Նրա կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
Սույն թվականի փետրվարի 11-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ հանձնեց նաև 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:

 

08.01.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող հերթական ընտանիքներին: Տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ ու վախի մթնոլորտում Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող այս ընտանիքները Ամանորը դիմավորեցին Շինարարներ փողոցի 15 հասցեի նորակառույց շենքում: Ընթացիկ տարում սա չորրորդ շենքն էր, որ հանձնվեց շահագործման: 
Ծրագրի շրջանակում հանրապետության նախագահի աջակցությամբ ու քաղաքապետարանի հետևողական քաղաքականության շնորհիվ այս տարի ամբողջությամբ լուծվեց 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: 
«Այսօր մենք ամփոփեցինք մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող անչափ կարևոր մի ծրագիր, որը տարիներ շարունակ անլուծելի էր թվում: Սա իսկապես մեծ ձեռքբերում է, քանի որ լուծվեց շուրջ 650 ընտանիքների ամենաառաջնահերթ խնդիրը և նրանք 2016-ի Ամանորը դիմավորում են նոր, կոմունալ բոլոր հարմարություններով ապահովված, անվտանգ ու ապահով բնակարաններում: Համոզված եմ, որ այդ ընտանիքների համար ամանորյա ավելի լավ նվեր չէր կարող լինել: Պետք է ասեմ, որ այս ծրագրով մենք լուծեցինք ամենախիստ անհրաժեշտության խնդիրը և հետագայում, իհարկե, արդեն կփորձենք քայլեր ձեռնարկել մայրաքաղաքում առկա տարբեր վթարայնության շենքերի ամրացման հետ կապված ևս: Նաև հաշվի առնելով, որ Ամանորի նախաշեմին ենք, շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների առթիվ ու մաղթում եմ, որ 2016 թվականը լինի խաղաղության, համերաշխության, վերելքի ու բարօրության տարի»,- ընդգծեց Երևանի քաղաքապետըտարեմուտի նախաշեմին նոր բնակարաների բանալիները հանձնելու ժամանակ:

 

Լուսանկարներ