ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հաճախ տրվող հարցեր

- Ովքե՞ր են համարվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները /կամ միակ ծնողը/ մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ  բացակայող կամ անհայտ են։

- Ո՞ր կառույցներն են  հաշվառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։
- Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա, իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տարածքային հաշվառում և անձնական քարտն ուղարկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման համար։

- Ո՞ր կառույցն է եզրակացություն տալիս երեխա որդեգրելու հնարավորության վերաբերյալ։
- Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ամբողջական և անթերի լինելու, որդեգրումն արգելող օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքերում, անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա, երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը տալիս է դրական եզրակացություն, որն ուժի մեջ է այն տալու օրվանից 12 ամիս։

- Ո՞ր երեխաների նկատմամբ է սահմանվում խնամակալություն կամ հոգաբարձություն։
- Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի՝ նրանց պահելու, դաստիարակելու և կրթություն տալու, ինչպես նաև նրանց իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակներով։

- Ովքե՞ր կարող են լինել խնամատար ծնողներ։
- Խնամատար ծնողներ կարող են լինել ՀՀ տարածքում բնակվող չափահաս քաղաքացիները։ Խնամատար ծնողների ընտրությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները։ Խնամատար ծնողները դաստիարակության հանձնված երեխայի (երեխաների) նկատմամբ ձեռք են բերում խնամակալի (հոգաբարձուի) իրավունքներ և պարտականություններ։

- Ո՞ր երեխան (երեխաները) է հանձնվում խնամատար ընտանիք։
- Խնամատար ընտանիքին դաստիարակության համար հանձնվում է առանց ծնողական խնամքի մնացած (այդ թվում՝ դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող) երեխան (երեխաները)։

- Ո՞ր կառույցներից կարող է խնամատար ծնողը ստանալ տեղեկություններ խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին։
- Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը դաստիարակության համար խնամատարության ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար դիմում է իր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին կամ Երևանի քաղաքապետարան, կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

- Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն ստանալու համար։
- Երեխա դաստիարակության վերցնելու ցանկություն ունեցող անձը խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն ստանալու համար Երևանի քաղաքապետարան է ներկայացնում դիմում, որում նշվում է նաև խնամատար ընտանիքում դաստիարակության համար հայցվող երեխաների թիվը, անձի համաձայնությունը կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին։
Դիմումին կցվում են՝

  • անձնագրի պատճենը,
  • տեղեկանք բնակության վայրից՝ բնակարանային պայմանների և ընտանիքի կազմի մասին,
  • տեղեկանք աշխատավայրից՝ զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի մասին (եթե աշխատում է),
  • ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է),
  • բժշկական փաստաթուղթ առ այն, որ խնամատար ընտանիք դաստիարակության համար երեխա վերցնել ցանկացող անձը (անձինք) չի տառապում (չեն տառապում) ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 5-ի N517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,
  • ամուսիններից մեկի կողմից երեխա դաստիարակության վերցնելու պարագայում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը։ Երկու ամուսինների կողմից երեխա դաստիարակության վերցնելու դեպքում տրվում է համատեղ դիմում։

- Մանկատանը տեղավորված երեխան ինչպե՞ս է վերադարձվում ծնողներին։
- Մանկատանը տեղավորված երեխային ծնողներին են վերադարձնում նրանց դիմումի և Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի եզրակացության հիման վրա։

- Ո՞ր երեխաների խնամքն ու դաստիարակությունն է իրականացնում խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը։
- Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի՝ 6-18 տարեկան երեխաների խնամքը և դաստիարակությունը։
Գիշերօթիկ հաստատությունը կազմակերպում է երեխայի կրթությունը մոտակա հանրակրթական դպրոցում։

- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու համար։

  • դիմում,
  • ծննդյան վկայական (բնօրինակը և պատճենը),
  • բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին,
  • բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին,
  • տեղեկանք ընտանեկան նպաստի իրավունք ունենալու մասին (եթե առկա է),
  • ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին։


- Ինչպե՞ս են վկայագրվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։
- Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա Երևանի քաղաքապետը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և այդ վկայագիրը հիմք է երեխայի ուսումնական հաստատությունն ընտրելու համար։

- Ո՞ր կառույցն է ապահովում երեխաների ժամանակավոր շուրջօրյա տեղավորումը։
- Երեխաների ժամանակավոր շուրջօրյա տեղավորումն ապահովում է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին