ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հին Երևանի առողջապահությունը

Հին Երևանի առողջապահությունը

Պարսկական տիրապետության շրջանում քաղաքում առողջապահական ոչ մի հաստատություն չի եղել, ո’չ հիվանդանոց և ո’չ էլ նույնիսկ դեղատուն, չնայած 18-րդ դարում հայկական բժշկությունը եվրոպականի ազդեցությամբ և ավանդույթների հիման վրա բավական զարգացել էր։ 18-րդ դարի բազմաթիվ հայ բժիշկներից մի քանիսը բավական հայտնի են եղել։ Նրանցից երկուսի գործունեությունը կապված է Երևանի հետ. մեկը գրականության մեջ հիշատակվում է Հարություն անունով, մյուսը՝ Թաթուլ։ Սակայն նրանք չունեին համապատասխան բուժական հիմնարկներ և, բնականաբար, չէին կարող նույնիսկ նվազագույն չափով կազմակերպել բնակչության բուժսպասարկումը։
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո, հատկապես 1829-30թթ. համաճարակային հիվանդությունների ժամանակ, Կովկասի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը հայտնի դարձավ, որ հայկական մարզում տեղավորված զորամասերը և վարչական աշխատողները չեն կարող դիմանալ առանց դեղատան։ Պասկևիչը հատուկ գրությամբ ներքին գործոց նախարարին համոզում է Անդրկովկասի մի շարք քաղաքներում զինվորական դեղատներ բացել: Մեկն էլ տրվում է Երևանին. բացվեց 1830թ. վերջին և սպասարկում էր նաև քաղաքացիներին։
Երևանի առաջին հիվանդանոցը եղել է զինվորականը, որը ստեղծվել է Երևանը Ռուսաստանին միացնելուց հետո։ Գտնվում էր բերդում և զբաղեցնում էր Հուսեյն խանի նախկին հարեմի շենքը։ Ամեն տարի այն սպասարկում էր ավելի քան 1.5 հազար զինվորականի և աշխատել է մինչև 1860-ականները։ Բերդը վերացնելուց հետո Երևանում հիվանդանոցն այլևս չի հիշատակվում։
Ժամանակի ընթացքում բացվում են առողջապահական հիմնարկներ, սակայն դրանք այնքան քիչ էին և այնքան խեղճուկրակ, որ ի վիճակի չէին նվազագույնս բավարարելու բնակչության պահանջները։
1880թ. եռանդուն գործունեություն է ծավալում քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանը։ Նրա առաջարկով Երևանում հիմնվում է առողջապահական մշտական հանձնաժողով, որին հանձնարարվում է զբաղվել առողջապահական պայմանների բարելավմամբ։ Լ. Տիգրանյանի նախաձեռնությամբ` 1881թ. սկսում է հրատարակվել <<Առողջապահական թերթ>> ամսագիրը։
Քաղաքի սանիտարական պայմանները զգալիորեն բարելավվում են 1890-ականների վերջից։ 20-րդ դարասկզբին Երևանում արդեն կային մի քանի բուժարաններ՝ քաղաքային հիվանդանոցը, ակնաբուժարանը, հոգեբուժարանը և բանտին կից հիվանդանոցը։ Ամենախոշորը, մշտականը և նշանավորը քաղաքայինն էր։ Հիվանդը բուժվելու համար ամսական վճարում էր 15 ռուբլի։ Հիվանդանոցում կար 12 մահճակալ, որից 7-ը տղամարդկանց բաժնում էր, 5-ը՝ կանանց։ Այս ժամանակաշրջանում քաղաքում հիշատակվում է մասնավոր 2 հիվանդանոց՝ վիրաբույժ Հովհաննիսյանին և բժիշկ Մելիքյանին պատկանող։ Բժշկությունը Երևանում նոր զարգացման հասավ խորհրդային տարիներին։

Աշխեն Հարությունյան
Երևանի պատմության թանգարանի աշխատակից