ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սբ. Կաթողիկե եկեղեցի

Սբ. Կաթողիկե եկեղեցի
Գտնվում էր Երևանի Շահար թաղամասի կենտրոնում, այժմ` Աբովյան - Սայաթ-Նովա խաչմերուկի անկյունում: Եկեղեցին սկսել են քանդել 1936թ. դեկտեմբերին, շարունակվել է մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: Թեև կորստյան մատնվեց ուշ միջնադարյան Կաթողիկե եկեղեցին, բայց հայտնագործվեց Երևանի ավելի արժեքավոր ու հին մի եկեղեցի` Սուրբ Աստվածածինը:
Կաթողիկե եկեղեցին կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.: Այն եռանավ բազիլիկ, անգմբեթ եկեղեցի էր: Կառուցված էր տուֆով, կրաշաղախով: Աղոթասրահի և արտաքին պարագծի չափերով հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր: Պատերը զուրկ էին ճարտարապետական արտահայտչամիջոցներից: Նրանցում տեղ-տեղ ագուցված էին տարբեր թվագրության խաչքարեր՝ 1679, 1693, 1694 և 1695: Պատերը քանդելիս դրանց մեջ հայտնաբերվել են ավելի հին խաչքարեր՝ 1472, 1641 և 1642 տարեթվերով:
Հին եկեղեցու գոյության մասին վարկածը լիովին ճշտվել է Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ, երբ բացվել են եկեղեցու հարավային և հյուսիսային պատերը, որոնց կցակառուցվել էին երկու ավանդատները: Հիշյալ պատերին եղած արձանագրություններից ամենահինը 1264 թվականի է: Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284, 1229թթ. և XVI  դարի, իսկ հյուսիսային պատին` 1609թ. արձանագրություններ:           Սբ. Աստվածածին եկեղեցուն կից` արևմտյան կողմում, XVII դարի սկզբին կցակառուցվել էր ժամատուն, որտեղ նույն դարավերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին: Սբ. Աստվածածին եկեղեցին միջնադարյան Երևանի եկեղեցիներից միակն է, որ երկրաշարժից հետո կանգուն է մնացել: Պատմության և գրականության ինստիտուտի գիտական խորհուրդը որոշել էր հայտնաբերված հին եկեղեցին պահպանել` լիովին ազատելով Կաթողիկե եկեղեցու մնացորդներից: Վերականգնվել են Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ վնասված մասերը, ամբողջ հուշարձանը նորոգվել է,  շրջապատը բարեկարգվել:
Սբ. Աստվածածին եկեղեցին, որ շարունակում է կրել Կաթողիկե անունը, փոքր չափեր ունի (5,4x7,5 մ պարագծային կողմերով): Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու հատակագծում փոքր նախասրահին հաջորդում են գմբեթով պսակված աղոթասրահը, ապա` առանց ավանդատների կիսաշրջան խորանը: Հարավային, արևելյան և հյուսիսային պատերն ունեն լուսամուտներ: Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում:
Սբ. Կաթողիկեն մայրաքաղաքի Կենտրոն համայնքում գործող եկեղեցիներից է: