ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցի

Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցի
Երևանի հնագույն եկեղեցիներից է: Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ <<Զորավոր>> ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: Եկեղեցում է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ- դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում: Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցել է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից, և պարսպապատել: Այստեղ հիմնվել է անապատ և վանական դպրոց:
Վանքը կառուցվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635թթ.), սակայն նորակառույց վանքը նույնպես երկար չի գոյատևել. 1679թ. երկրաշարժի ժամանակ կործանվել է: Այժմյան Սբ. Զորավոր եկեղեցին կառուցվել է նույն տեղում` 1693թ.` Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ: 1793թ. արձանագրության մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից` Ղուկաս կաթողիկոսի օրոք:

Խորհրդային տարիներին, տարբեր նպատակների ծառայելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին և սկսել է գործել:  Մայր Աթոռի հովանավորությամբ 1974-78թթ. եկեղեցին հիմնանորոգվել է, հատակը` մարմարապատվել, երգչախմբի համար կառուցվել է վերնատուն ու երիցատան նոր շենք: Նորոգվել է նաև Սբ. Անանիայի մատուռը: